Մատչելիության հղումներ

Դրամի արժեզրկմանը զուգահեռ նկատվում է գների աճ


Ազգային դրամը խորհրդանշող արձանը Կենտրոնական բանկի մոտ
Ազգային դրամը խորհրդանշող արձանը Կենտրոնական բանկի մոտ

Վերջին մի քանի օրերին դրամի արժեզրկմանը զուգահեռ գների աճ է նկատվում երեւանյան խանութներում, ինչպես նաեւ շարունակվում է բենզինի թանկացումը։ Արդեն այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը, որն ամենինց շատն է վաճառվում, Երեւանում կարելի էր գնել 390 դրամով, ինչը 30 դրամով է ավելի է ամսվա սկզբի գնից։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը ասաց, որ վերջին շրջանում պարենային ապրանքների գները երեւանյան խանութներում թանկացել են միջինը 10 տոկոսով։

«Մինչդեռ դոլարն այդչափ չի թանկացել», - հավելեց նա՝ շարունակելով. - «Գների թանկացման ժամանակ մեր տնտեսվարողները չափ ու սահման չունեն. միշտ գերադասում են մի փոքր ավելի բարձրացնեն, եւ եթե չկա լուրջ վերահսկողություն, իսկ շուկան, ցավոք սրտի, մենաշնորհային է, բոլորը աշխատում են օգտվել նման իրավիճակից եւ ավելի թանկացնել, քան անհրաժեշտություն կա։ Վստահ եմ, որ այդ նույն մարդիկ, ովքեր հիմա թանկացրել են, նոր գնով դեռ չեն ներմուծել»:

Եղոյանը նաեւ հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկայիս թանկացումները տեղի են ունեում դեռ մինչեւ գազի գնի թանկանալը, որն, ինչպես հայտնի է, նոր` ավելի բարձր, գնով մեզ վաճառվելու է ապրիլի 1-ից։

«Քանի որ մեր երկրում ոչ մի զսպող մեխանիզմ չկա, եւ վերահսկողություն էլ լուրջ չկա, եւ հաշվարկ չկա, թե էներգակիրը ինչքան է տվյալ ապրանքի ինքնարժեքի մեջ կազմում, կանխատեսում եմ, որ գների թանկացումը լինելու է շատ ավելի, քան կարող էր լինել», - ասաց նա:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը գնաճի թեմային է անդրադարձել նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով չի բացառել, թե այս տարի գնաճը կլինի երկնիշ։

«Եվ քանի որ աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանում, այս ամենը սոցիալական պատկերի վրա շատ վատ կանդրադառնա», - հավելել է Բագրատյանը:

Համաշխարհային բանկի վերջին տվյալների համաձայն, 2009 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում աքատների թիվը կազմել է մոտ 800 հազար, որից ծայրահեղ աղքատ են ավելի քան 200 հազարը։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում ծայրահեղ աղքատների թիվը գրեթե կրկնապատկվել է։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե տարվա սկզբից իրենք արդեն իսկ քայլեր են ձեռնարկում գնաճը զսպելու ուղղությամբ։ Մասնավորապես, երեք անգամ 0,5-ական տոկոսով բարձրացել են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով այն 6.5 տոկոսի, ինչը, թանկացնելով փողը, ի վերջո պետք է նպաստի գնաճի սահմանափակմանը։

«Բայց պետք չէ սպասել, որ մեր ձեռնարկած քայլերը անմիջապես իրենց արդյունքը տան։ Արդյունքը կլինի 4-6 ամիս հետո», - ընդգծեց Բարսեղյանը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը նախ ասաց, թե իրենք հետեւում են ոչ միայն պարենային ապրանքների, այլեւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների վիճակին:

«Ակնհայտ է, որ ազգային արժույթի արժեզրկման տնտեսական գործոնի ազդեցությունը ներկա է գների աճի վրա: Որոշ ապրանքատեսակների մասով նաեւ միջազգային գների աճի գործոնը կա: Սակայն այս պահին գնահատել, թե ներկայիս դինամիկայում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման հանգամանքներ առկա են, թե ոչ, հանձնաժողովը ձեռնպահ է մնում, քանի դրա համար անհրաժեշտ է համապատասխան վերլուծություն, որոնց ուղղությամբ հանձնաժողովը աշխատանքներ իրականացնում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ուդումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG