Մատչելիության հղումներ

Ապրիլի 5-ից փոխվում են Շենգենյան երկրներ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ պայմանները


Ըստ այդմ՝ անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տասը տարին` տրման ամսաթվից (այսինքն, ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու), դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար եւ անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս։


«Նման քաղաքացիները, ովքեր անձնագրերը ունեն եւ դրանց ժամկետները երկարացվել են, ուղղակի կդիմեն իրենց հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ անձնագիրը փոխանակելու համար: Կամ, եթե կցանկանան կարճ ժամկետում անձնագիրը փոխանակել, կդիմեն Անձնագրային եւ վիզաների վարչություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանը:

Հայաստանի վարչապետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, 2010 թվականի ապրիլից Հայաստանում պետք է ներդրվեին կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ծրագրի հետաձգումը, Մուրադխանյանը պատասխանեց. - «Շատ հանդիպումներ եղան միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների հետ: Փորձագետների կարծիքն է, որ շտապողականություն դրսեւորել պետք չէ: Հիմա գտնվում է ժամանակացույցը կառավարությունում: Նախատեսվում է կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրումը սկսել 2011 թվականի հունվարից»:

Նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման կարգի վերաբերյալ գնդապետը փոխանցեց. - «Նախատեսվում է, որ կենսաչափական տվյալներով նույնականացման քարտերը կտրվեն 10 տարի ժամանակով, իսկ արտերկիր մեկնելու համար կենսաչափական տվյալներով անձնագրերը՝ 5 տարի ժամանակով: Նույնականացման քարտը ստանալու են 16 տարին լրանալուց հետո, իսկ անձնագիրը՝ ցանկացած տարիքում»:

Նորայր Մուրադխանյանը ենթադրում է, որ նոր քարտերի ու անձնագրերի անցման գործընթացը կլինի անցնցում։

«Որովհետեւ այն բոլոր անձնագրերը, որ այսօր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մինչեւ իրենց վավերականության ավարտը ուժի մեջ են լինելու», - պարզաբանեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG