Մատչելիության հղումներ

Ստամբուլում աշխատող հայ միգրանտները Էրդողանի հայտարարությանը միանշանակ չեն արձագանքում


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից

Սպիտակահեր Lիա Խաչատրյանը, ով Ստամբուլում դրամ է վաստակում Հայաստանում իր ընտանիքը պահելու համար, «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե անօրինական հայ միգրանտներին Թուրքիայից վտարելու մասին վարչապետ Էրդողանի հայտարարությունը իրեն չի սարսափեցնում:

«Ես չեմ վախենում: Ես ստիպված եմ այստեղ աշխատում, քանի որ Հայաստանում իրավիճակը վատ է», - ասել է Lիա Խաչատրյանը, որին լրագրողը դիմել է, երբ նա մտնում էր հեռախոսային կետերից մեկը` տուն զանգելու համար:

Մեկ այլ հայ միգրանտ` Ստամբուլի Գումգաբի աղքատ թաղամասից, ընդհակառակը, ասել է, թե շատ է անհանգստացած Էրդողանի վրեժխնդրության սպառնալիքից, որը հետեւեց Միացյալ Նահանգների եւ Շվեդիայի օրենսդիրների ընդունած բանաձեւերին, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածները ճանաչում են որպես ցեղասպանություն:

Հայաստանը, որը անցյալ տարի Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրեց` հարյուրամյա թշնամությանը վերջ տալու ու սահմանը բացելու համար, Էրդողանի զգուշացումը համեմատել է այն հայտարարությունների հետ, որոնք նախորդել էին 1915-ի զանգվածային ջարդերին, նշում է «Ռոյթերզ»-ը:

«100 տարի է անցել, բայց խնդիրը նորից բացվեց, ու հիմա սարսափողները մենք ենք», - ասել է տնային աշխատանքներ կատարող` երկու երեխաների մայր 56-ամյա մի հայուհի, ով հրաժարվել է անունը հայտնել` վախենալով կյանքի համար վտանգավոր հետեւանքներից: «Վարչապետը շատ կտրուկ խոսեց: Մենք չենք ցանկանում առնչվել քաղաքականությանը: Մենք այստեղ ենք եկել աշխատելու համար: Հայաստանում տնտեսություն չկա», - ասել է նա:

Lրագրողը հեռախոսային կետում զրուցել է նաեւ նախկին մի ուսուցչի հետ, որը Թուրքիա է եկել Հայաստանի Գյումրի քաղաքից` 1988 թվականի երկրաշարժից հետո: Նա ասել է, որ Էրդողանի հայտարարությունից հետո ազգականները հիմա մտահոգված են իր վիճակով:

Միջին տարիքի երկու հայ կանայք շտապ հեռացել են, երբ իմացել են, որ ցանկանում են իրենց հարցեր տալ Էրդողանի հայտարարության վերաբերյալ:

«Հայերի ջարդերի խնդիրը Թուրքիայում շատ զգայուն հարց է: Թուրքիան ընդունում է, որ շատ հայեր են սպանվել օսմանյան զորքի կողմից, բայց կտրականապես մերժում է, որ սպանվածների թիվը մեկեւկես միլիոն է, եւ որ դա ցեղասպանություն էր` բնորոշում, որը արեւմտյան շատ պատմաբաններ են օգտագործում եւ նաեւ որոշ քաղաքական գործիչներ», - գրում է «Ռոյթերզ»-ը եւ շարունակում. - «Բայց Գումգաբի թաղամասում հայերն ու թուրքերը ասում էին, որ երկու համայնքների միջեւ լավ հարաբերություններ են»:

«Թուրքերը լավ մարդիկ են ու նրանք սիրում են մեզ: Ես այստեղ ոչ մեկի հետ ոչ մի խնդիր կամ կռիվ չունեմ: Իսկապես անհանգստանալու ոչ մի բան չկա», - ասել է 22-ամյա Արսեն Բարսեղյանը, ով առեւտուր է անում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Թուրքիայում հայ միգրանտների թիվ անհայտ է: Թուրքիայի հայկական կառույցները ասում են, որ երկրի քաղաքական գործիչները ուռճացնում են անօրինական հայ միգրանտների քանակը ու ամեն անգամ, երբ պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվում են, սպառնում են նրանց վտարել:

Անցյալ տարի «Եվրասիա» հիմնադրամի երեւանյան գրասենյակի կատարած ուսումնասիրության համաձայն` Թուրքիայում անօրինական աշխատող հայերի 94 տոկոսը կանայք են, որոնք աշխատում են տներում, հիվանդներ են խնամում կամ երեխաներ պահում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG