Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը Թուրքիայում ապրող հայերին խորհուրդ է տալիս «անհապաղ լքել այդ երկիրը»


ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան:

ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան:

«Մեր հայորդիներին, որոնք այս կամ տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, ես խորհուրդ եմ տալիս անհապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, ում հետ գործ ունենք», - ուրբաթ օրը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության կապակցությամբ Հովհաննիսյանը ասաց, թե «Էրդողանը պահի տակ կորցրեց դիմակը, եւ աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ գործ ունեն»:

Հիմնավորելով Թուրքիայում ապրող հայերին ուղղված իր կոչը՝ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը ասաց. - «Նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես հակահայկական գործողություններին սիգնալ»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մինչդեռ, չի կարծում, թե իրավիճակն այն աստիճան սրված է, որ նման կոչերի կարիք լինի:

«Ես այն կարծիքին չեմ, որ Թուրքիայում այդպես սփռված հայեր կան, որոնք աշխատանքի են գնացել, որ այսօր էլ դուրս գան», - շարունակեց նա՝ հավելելով. - «Ես չեմ կարծում, որ այսօր այն վիճակն է, որ նորից մեր ժողովրդի մեջ վախի սինդրոմ պիտի առաջացնենք, որ իբրեւ թե թուրքերը նորից արյունի հետ խաղացող միջավայր կարող են ստեղծել: Այսօր իրավիճակը լրիվ ուրիշ է»:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով, Թուրքիայում գտնվող հայերին երկրից դուրս գալու կոչը չի համապատասխանում մարդու իրավունքների համաշխարհային սկզբունքներին:

«Թուրքիայում այսօր գտնվող հայաստանցիները, որոնք կարող են լինել երկու, երեք, գուցե չորս տասնյակ հազար, Թուրքիա են գնացել ոչ Հայաստանի քաղաքական ուժերի կոչով եւ ոչ էլ Հայաստանի պետության հարկադրանքով», - հայտարարեց Սաֆարյանը:
XS
SM
MD
LG