Մատչելիության հղումներ

Եվրամիությունում հիասթափվո՞ւմ են Սահակաշվիլիից


Միխեիլ Սահակաշվիլի
Միխեիլ Սահակաշվիլի

Չնայած եվրոպացի պաշտոնյաները նախկինում բազմիցս են ակնարկել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարման ընթացքում Վրաստանի` ժողովրդավարական առաջընթացից շեղվելու մասին, սակայն Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի վերջին հայտարարությունը այդ համատեքստում բավական խիստ էր եւ տարբերվում էր նախորդներից: Նա հատկապես շեշտը դրեց Հարավային Կովկասի այդ երկրում իրականության եւ ցանկությունների անհամապատասխանության վրա:

Բարոզուի այս հայտարարությունները, փաստորեն, արվեցին վրացական «Իմեդի» հեռուստատեսության եթերում անցած շաբաթ հեռարձակված իմիտացիոն հեռուստառեպորտաժից հետո, որը ամբողջ Վրաստանը մոտ երկու ժամ վախի եւ անհանգստության մթնոլորտում պահեց: Եվ Բարոզուն Եվրամիության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով հրապարակային մտահոգություններ է հայտնում պաշտոնական Թբիլիսիի` ժողովրդավարական գործընթացներին վերաբերող պարտավորության շուրջ:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ հինգշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Բարոզուն ասել է, թե Եվրոպայի համար չափազանց կարեւոր է, որ եթե պաշտոնական Թբիլիսին ցանկանում է Եվրոպային մոտ լինել, պետք է ավարտին հասցնի քաղաքական մշակույթին, ժողովրդավարական արժեքներին, մամուլի ազատությանը առնչվող եւ երկրի կողմից ստանձնած պարտավորությունները:

Բարոզուն նաեւ հատուկ շեշտել է Վրաստանում մայիսին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ասելով, թե դրանք Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունների համար չափազանց կարեւոր են եւ «լավ շանս են Վրաստանի համար` ցուցադրելու իր առաջնահերթությունը քաղաքական բազմակարծության ապահովման հարցում»:

Ինչպես վերլուծաբաններն են կարծում, Եվրամիության պաշտոնյաները աստիճանաբար հիասթափվում են Վրաստանում 2003 թվականի «վարդերի հեղափոխությունից» հետո նախագահ Սահակաշվիլիի` գնալով ավելի ու ավելի ավտորիտար տարրեր պարունակող եւ էքսցենտրիկ պահվածքից: Նախ, Եվրոպան ցնցված էր 2007 թվականի նոյեմբերին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից, հետո` ռուս - վրացական պատերազմով, երբ Եվրամիության ձեռնարկած հետաքննությունը ցույց տվեց, որ Սահակաշվիլին առնվազն Ռուսաստանի սադրանքներին «ոչ համարժեք» է պատասխանել: Վերջերս էլ «Իմեդի» հեռուստաընկերության եթեր հեռարձակած սյուժեն էր, որը խուճապ առաջացրեց Վրաստանում:

Եվրաhանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել սյուժեն եթեր հեռարձակելու կապակցությամբ:

Շատերը, հաշվի առնելով նախագահ Սահակաշվիի եւ «Իմեդի»-ի ղեկավարության միջեւ գոյություն ունեցող կապերը, ենթադրում են, որ կառավարությունը տեղյակ է եղել պատրաստվող տեսանյութի մասին:

Վարչապետ Գիլաուրին, սակայն, հերքել է, թե «Իմեդի»-ի ետեւում կանգնած է կառավարությունը:

«Իմեդի»-ն չի պատկանում կառավարությանը եւ չի վերահսկվում մեր կողմից, այն մասնավոր է: Սա վատ երեւույթ էր, միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, բայց դա ազատ լրատվամիջոց է: Այդուհանդերձ, հեռահաղորդակցության անկախ հանձնաժողովը առաջիկայում այս հարցի շուրջ լսումներ է անցկացնելու», - Բարոզուին ասել է Վրաստանի վարչապետը:

Բարոզուն, սակայն, կրկին շեշտել է այն լրջությունը, որով Եվրամիությունը վերաբերվում է այս միջադեպին, եւ զգուշացրել է Վրաստանի իշխանություններին` զերծ մնալ տարածաշրջանում առկա լարվածությունը մեծացնելու փորձերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG