Մատչելիության հղումներ

The Times բրիտանական հեղինակավոր օրաթերթը «Տհաճ ճշմարտություն» վերնագրած հրապարակմամբ անդրադարձել է Թուրքիայից հարյուր հազար հայերի արտաքսելու մասին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքին։

«Տեղահանումները հզոր խորհրդանիշ են արդիական Թուրքիայի պատմության համար։ Պատկերացնել իսկ հնարավոր չէր, որ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կառավարությունը երբեւէ կարող է ներկայացնել կոնկրետ ազգության մարդկանց իր տարածքից զանգվածաբար տեղահանելու առաջարկ, բայց դա ճիշտ այն է, ինչ արել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ սպառնալիքը հասցեագրել է 100 հազար հայերին», - գրում է բրիտական պարբերականը։

Սպառնալիքները պատճառաբանվում են ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովում եւ Շվեդիայի խորհրդարանում պարտադիր ուժ չունեցող բանաձեւերի ընդունմամբ։ Այդ բանաձեւերը Օսմանյան կայսրությունում Առաջին Աշխարհամարտի ընթացքում եւ դրա ավարտից հետո հայերի զանգվածային սպանդը որակվում են որպես ցեղասպանություն։ Թուրքիան կտրականապես հերքում է ցեղասպանության մեղադրանքը։

«Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունը եւ քաղաքականությունը շատ խճճված են, սական պարոն Էրդողանի մեկնաբանությունների էթիկան այդպիսին չէ։ Նրա միջամտությունները ամբոխավարական են եւ խայտառակ», - նշում է թերթը՝ շարունակելով. - «ԱՄՆ-ում եւ Շվեդիայում բանաձեւերն ընդունվել են քվեների աննշան տարբերությամբ, եւ երկու դեպքում էլ գործադիր իշխանություները դեմ են եղել բանաձեւերին։ Դրանցում նկարագրվող պատմական իրադարձությունները սկսվել են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներով։ Genocide հասկացությունը ի հայտ է եկել 1945 թվականից հետո եւ կոչված էր բնութագրել նացիստների բարբարոսության մի կոնկրետ դրսեւորումը։ Եվ միայն աստիճանաբար է սկսվել հայոց ջարդի ճանաչումը իբրեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Բայց դա հենց այդ էր։ Նույնիսկ զգուշավոր հաշվարկներով, այլատյացության տարիների ընթացքում` մինչեւ 1923 թվականը, սպանվել է մոտ մեկ միլիոն հայ, դա արդիական պատմության ընթացքում նախադեպը չունեցող հանցագործություն էր»։

Պատմական փաստերը, ըստ Times-ի, կարեւոր են. - «Զարմանալի է, որ Թուրքիայի իշխանությունները առարկում են. այդ բարբարոսության հեղինակներից եւ ոչ մեկն այսօր կենդանի չէ։ Հանցանքը կատարել է կայսերական մի տերություն, որն Առաջին Աշխարհամարտում իր դաշնակից Վիլհելմյան Գերմանիայի հետ միասին վաղուց արդեն պատմության գիրկն է անցել»։

Ըստ հոդվածագրի, ԱՄՆ-ի նախագահության համար նախընտրական պայքարում Բարաք Օբաման հայտարարել էր, թե կլինի այն լիդերը, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին։ Ու թեպետեւ նրա այդ խոստումն արձանագրված է, պարոն Օբաման հաշտ է Թուրքիայի հետ հարաբերություններում։

«Պարոն Էրդողանը այդ պատմական իրադարձություններին վերաբերող սոսկ խորհրդանշական բանաձեւերի հարցում բողոքելու առիթ առանձնապես չունի։ Նա որեւէ կերպ չի կարող արդարացնել իր սպառնալիքները հայ միգրանտների հասցեին։ Թուրքիայում կան հազարավոր ապօրինի միգրանտներ Հայաստանից, եւ ոչ ոք կասկածի տակ չի առնում ոչ քաղաքացիների համար արգելքներ սահմանելու ցանկացած ինքնիշխան պետության իրավունքը, սակայն այս միգրանտները աղետի հետեւանքով են ապաստան որոնել, 1988 թվականի երկրաշարժը ավերել է նրանցից շատերի տներն ու գույքը։ Պարոն Էրդողանն ասել է, որ Թուրքիայում բնակվող 170 հազար հայերից միայն 70 հազարը քաղաքացիություն ունի եւ ուղղակի սպառնացել է արտաքսել ոչ քաղաքացիներին», - ասված է հոդվածում։

Բրիտանական թերթը հիշեցնում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Արեւմտյան դաշինքի համար «ռազմավարական կարեւոր տերություն». - «Թուրքիան սահմանակցում է Իրաքին, որի կայունությունը բխում է արեւմտյան դեմոկրատիաների շահերից, սակայն Անկարան իրավունք չունի հանուն իր դիվանագիտական նպատակների շահարկել այդ կարգավիճակը դեմոկրատական արժեքների հաշվին։ Սարսափելի հանցանքի հետեւանքների պատմական գնահատականը հերքելը անպատվաբեր եւ ավերիչ դիրքորոշում է, իսկ հենց Թուրքիայի սահմանների ներսում ամենաանպաշտպան մարդկանցից վրեժ լուծելը` անխղճություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG