Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայի մամուլում աշխատող հայազգի լրագրողները, խմբագիրները, մեկնաբանները շատ ցավալի են են համարում հազարավոր հայաստանցիներին վտարելու մասին Էրդողանի հայտարարությունը ու բոլորն անխտիր նշում, որ վարչապետի ներկայացրած թիվը խիստ ուռճացված է։

«Ակոս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին ասաց, թե Էրդողանի հայտարարությունը շատ «ցավալի ու վատ հայտարարություն էր». - «21-րդ դարում որեւէ ձեւով 100 հազար մարդ չեք կարող դեպորտացիա անել՝ նշելով իրենց ազգությունը»։

«Թարաֆ» թերթի մեկնաբան Սեւան Նշանյանի գնահատմամբ, Էրդողանի հայտարարությունը «սկանդալային» է. - «Եթե դա մեկնաբանես ինչպես ասվել է, ապա նա սպառնում է նոր դեպորտացիաներով: Դա շատ կոպիտ է, ու նրա կողմից անմտություն է այդ հարցի մասին այդպես խոսելը»։

Նշանյանը եւս նշեց, որ հայաստանցիների թիվը Էրդողանը ուռճացրած է ներկայացրել. հավաստի տվյալներով, Թուրքիայում 10-12 հազար հայաստանցի կա։

«Հյուրիեթ»-ի մեկնաբան Լերջեհան Լիթիօղլուն ասաց, որ «շատ ցավալի արտահայտություններ էին»։

«Ազատություն» ռադիոկայանի բոլոր զրուցակիցները նաեւ նշում էին, որ Էրդողանի հայտարարությունը թուրքական մամուլում, հեռուստաընկերությունների հաղորդումներում լայնորեն քննարկվում է։

Լերջեհանը հավաստիացրեց, որ «ազգայնամոլ թուրքերն անգամ դեմ են Էրդողանի հայտարարությանը». - «Ըստ ինձ՝ բավականին ցավալի հայտարարություն էր Թուրքիայի համար»։

Նա հանդիպել է Թուրքիայում աշխատող հայաստանցիների հետ ու «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրանց կարծիքները. - «Ասում էին, թե 1915 թվականի դեպքերից հետո դարձյալ կուզեն հայերին Թուրքիայի սահմաններից դուրս վռնդեն։ Նշում էին, որ դա մարդու իրավունքների դեմ է։ Իսկ մեկն էլ ասաց, որ դա սպառնալիք է ոչ միայն հայաստանցիների, այլ նաեւ պոլսահայերի համար»։

«Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե մի շարք հայաստանցիների է ճանաչում, որոնք մտահոգվել են Էրդողանի հայտարարությունից. - «Այս վերջին լուրերը նրանց բավականին անհանգստացրել են, մտածում են, թե արդյո՞ք հնարավոր է, որ իրենց այս երկրից դուրս հանեն։ Իմ կարծիքով, առայժմ այդպիսի վտանգ չկա»։

Ռոբեր Հաթեջյանը փոխանցեց Թուրքիայի ներսում` մամուլում, հասարակությունում տեղի ունեցող քննարկումները. - «Կարող եմ ասել, որ վարչապետի խոսքը շատ բուռն հակազդեցություն է ստեղծել մամուլում ընդհանրապես։ Անշուշտ, վարչապետին պաշտպանողներ կան, նույն կարծիքը հայտնողներ կան, բայց ջախջախիչ մեծամասնությունը վարչապետի ասածի հակառակն է պնդում ու շատ սխալ համարում հայաստանցիներին Թուրքիայից վտարելը որպես խաղաքարտ օգտագործելը»:

Նա ասաց, որ մի քանի հրապարակումներում նշված է, որ «այս հայաստանցիները այստեղ երկու ժողովուրդների մերձեցման մեջ կարեւոր դեր են խաղում»։

«Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը նշեց, որ Էրդողանը նման հայտարարություն արեց այն ժամանակ, երբ սպասվում է, թե ինչ ընթացք կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված օրինագիծը, երբ սպասվում է, թե ապրիլի 24-ի ուղերձում ինչ բառ կասի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Հիմա այս սպասողական շրջանում, բնականաբար, Թուրքիան օգտագործում է իր ձեռքի բոլոր խաղաքարտերը՝ միջազգային հանրային կարծիքը եւ դիվանագիտական միջավայրը պայմանավորելու ուղղությամբ։ Թուրքիայում գտնվող հայաստանցիներն էլ այդ ամբողջի մեջ, իրենց հերթին, ներկայացնում են մի գործոն Թուրքիայի համար», - ընդգծեց ստամբուլահայ խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG