Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը խստորեն քննադատեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայում ապրող ապօրինի հայ միգրանտներին արտաքսելու վերաբերյալ:

«Նման հայտարարություններով են սկսվել Հայոց ցեղասպանության հետ կապված 1915 թվականի իրադարձությունները: Ցավոք, հայերի արտաքսման մասին խոսում էին նաեւ մեկ այլ երկրում. մենք չենք կարող մոռանալ, որ նմանատիպ հայտարարություններ արվել են նաեւ Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում եւ այլ բնակավայրերում ջարդերից առաջ», - Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչեկի հետ հանդիպման ավարտին հրավիրված ասուլիսում հայտարարեց արտգործնախարարը՝ հավելելով. - «Սա անընդունելի է եւ, անկասկած, հարվածում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Նման հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան այնքան էլ պատրաստ չէ առաջ շարժվել»:

Հայաստանը, արտգործնախարարի խոսքով, հուսով է, որ «Թուրքիայում կգերիշխի իրատեսական մոտեցումը», եւ «նրանք կանսան համաշխարհային հանրության հորդորներին, որ հարկավոր է առաջ շարժվել՝ առանց նախապայմանների, սպառնալիքների, շանտաժի եւ սադրանքների»:

Հարցին, թե արդյոք ասվածը նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել, նախարարը արձագանքեց, թե գործընթացի նախաձեռնողը Հայաստանն է, եւ «չնայած Թուրքիայի կողմից ստեղծվող բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, հաջողվել է առաջ շարժվել եւ հասնել արձանագրությունների ստորագրմանը»:

«Մենք պատրաստ ենք շարունակել գործընթացը եւ առաջ շարժվել: Բայց դա կախված է նաեւ թուրքական կողմից: Թե որքանով են նրանք պատրաստ՝ ժամանակը ցույց կտա», - ասաց Էդուարդ Նալբանդյանը:

Ասուլիսին նախարարը անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում կայացած իր հանդիպմանը: Նալբանդյանը անորոշ պատասխան տվեց հարցին, թե արդյոք Հայաստանի համար ընդունելի են նորացված Մադրիդյան սկզբունքները:

«Բանակցությունների սեղանին շարունակում են մնալ Մադրիդյան առաջարկները, եւ մենք շարունակում ենք դրանց վրա հիմնված բանակցությունները: Համանախագահները այս ողջ ընթացքում ներկայացնում են աշխատանքային առաջարկներ: Դրանք բոլորն էլ քննարկվում են», - ասաց Նալբանդյանը՝ հավելելոց, թե ներկայացնել, որ մի կողմը դրանք ընդունում է, մյուսը՝ ոչ, կամ մի կողմը ավելի կառուցողական է, ընդամենը ծխածածկույթ է, որ կիրառում է Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հիշեցնենք, շաբաթասկզբին հայտարարել էր, թե «պաշտոնական Բաքուն արդեն հայտարարել է, որ ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Այժմ հերթը Հայաստանինն է»:

Նալբանդյանը այս կապակցությամբ նշեց, թե պետք է միայն ողջունել, որ Բաքուն վերջապես հայտարարում է, թե բանակցությունների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են: Նրա խոսքով, սակայն, ադրբեջանական կողմը այդ փաստաթուղթը ընդունում է «որոշակի բացառություններով»:

«Երբ լսում ես նրանց հրապարակային հայտարարություները, հասկանում ես, որ այնտեղ ավելի շատ են բացառությունները: Ասենք, տասը կետ բացառում են եւ, պատկերացնո՞ւմ եք, ընդունում են մեկ-երկու հարց, որ վերաբերում են հակամարտության հետեւանքներին», - հեգնանքով ասաց Նալբանդյանը՝ շարունակելով. - «Նույնիսկ այն կետերը, որ ադրբեջանական կողմը ընդունում է, ներկայացվում են այնպես, որ խեղաթյուրվում է բանակցային գործընթացի էությունը»:

Այստեղ, հավանաբար, Նալբանդյանը նկատի ունի իր ադրբեջանցի գործընկերոջ՝ այսօրվա հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հնարավոր հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները»:

Հարկ է նշել, որ այսօրվա ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը ոչ մի անգամ չգործածեց «նորացված սկզբունքներ» բառակապակցությունը, այնինչ Փարիզում մարտի 16-ին կայացած բանակցությունների ավարտին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ ասված է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված «հիմնարար սկզբունքների վերջին ձեւակերպումների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանությունները»:
XS
SM
MD
LG