Մատչելիության հղումներ

logo-print

Պետդեպարտամենտ. «Հայոց ցեղասպանության օրինագծի առաջխաղացումը կասեցնելու պայմանավորվածություն չկա»


Ֆիլիպ Գորդոն

Ֆիլիպ Գորդոն

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարության միջեւ պայմանավորվածություն չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի առաջխաղացումը կասեցնելու հարցում: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Կոնգրեսը անկախ մարմին է, եւ նրանք կանեն այն, ինչ կորոշեն անել», - ասել է Գորդոնը` ելույթ ունենալով «Բրուքինգ» հաստատությունում:

Հաղորդելով այս մասին` «Ասոշիեյթեդ փրես»-ը նկատում է, որ Գորդոնի խոսքերը հակասում են ավելի վաղ Պետդեպարտամենտի արած հայտարարություններին:

Միաժամանակ, փոխպետքարտուղարը նշել է, թե բանաձեւը խոչընդոտ է ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նա հերքել է, թե այդ գործընթացը կանգ է առել` կարծիք հայտնելով, թե երկու երկրների ղեկավարները հետեւողական են այն շարունակելու հարցում:

Գորդոնը փոխանցել է Բարաք Օբամայի վարչակազմի կարծիքը, թե ավելի ճիշտ է, որ պատմական հարցերով զբաղվեն երկու երկրները` հաշտեցման բանակցությունների շրջանակներում:

Փոխպետքարտուղարը ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 օրինագծի քվեարկության արդյունքները բացասաբար ազդեցին ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունների վրա մի ժամանակաշրջանում, երբ պաշտոնական Վաշինգտոնը ակնկալում է Անկարայի աջակցությունը Իրանի միջուկային հավակնությունները զսպելու հարցում:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է նաեւ, թե առայժմ հստակ չէ` արդյոք թիվ 252 օրինագիծը ունի՞ ընդունվելու համար բավարար թվով աջակիցներ Ներկայացուցիչների պալատում, եւ արդյոք Պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին պատրաստվո՞ւմ է նախագիծը քվեարկության դնել լիագումար նիստում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Վաշինգտոնից հետ կանչված Թուրքիայի դեսպանը «չի վերադառնա Միացյալ Նահանգներ այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան իշխանությունները չեն հստակեցրել Կոնգրեսում շրջանառության մեջ դրված հայկական բանաձեւի հետագա ճակատագիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG