Մատչելիության հղումներ

Մոսկվայի իշխանությունները փորձում են սահմանափակել միգրանտների հոսքը


Տեսարան Մոսկվայից

Տեսարան Մոսկվայից

Մոսկվայի իշխանությունները միգրանտների հոսքը կարգավորող հայեցակարգ են մշակել, որի գլխավոր նպատակներից մեկը միգրանտներին քիչ աշխատանք տալն է: Փաստաթուղթը գործողությունների ուղեցույց չէ` դրանում ամփոփված են տվյալ հարցում պետական քաղաքականության վերաբերյալ առաջարկներ:

Ռուսաստանի մայրաքաղաքի չինովնիկները այս առաջարկները մշակել են` ելնելով այն հանգամանքից, որ միգրանտների հոսքը դեպի Մոսկվա աճում է, ինչը, նրանց կարծիքով, սոցիալական ու ազգամիջյան լուրջ խնդիրներ է առաջացնում:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ փաստաթղթի հեղինակներից մեկը` Մոսկվայի քաղաքապետարանի` ռեգիոնների կապերով ու ազգային քաղաքականությամբ զբաղվող կոմիտեի փոխնախագահ Եվգենի Չերնեցովը ասել է, որ դեռ 4-5 տարի առաջ կարծիք կար, թե որքան շատ արտասահմանցի աշխատողներ գան Մոսկվա` այնքան լավ, բայց հետո Մոսկվայի քաղաքապետը կարգադրել է օպտիմալացնել միգրանտների հոսքերը:

Յուրաքանչյուր տարի Մոսկվայի իշխանությունը կրճատում է միգրանտների աշխատանքային քվոտաները: Անցյալ տարի միգրացիոն ծառայությունները 300 հազար աշխատանքային թույլտվություն էին տվել արտասահմանցիներին, իսկ այս տարվա համար Մոսկվայի քաղաքապետ Յուրի Lուժկովը համապատասխան ծառայությունների առջեւ խնդիր է դրել` արտասահմանցիների աշխատանքային քվոտաները չպետք է անցնեն 200 հազարը:

«Մենք այդ խնդիրը կկատարենք», - խոստացել է Մոսկվայի աշխատանքի ու զբաղվածության դեպարտամենտի ղեկավար Օլեգ Նետերեբսկին:

Միգրանտների ֆեդերացիայի նախագահ Ամին Մուխամադը ասել է, որ Մոսկվայի իշխանությունների միգրացիոն քաղաքականությունը շատ հարցեր է առաջացնում: Նրա խոսքերով` հասունացել է արտասահմանցիների աշխատանքային քվոտաները սահմանող նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտությունը:

«Մոսկվայի կառավարությունը հայտարարել է, թե միգրանտները իրենց պետք չեն, բայց այդ մարդիկ այստեղ են գտնվում, նրանք սկսում են աշխատել անօրինական, ստվերային բիզնեսում», - ընդգծել է Ամին Մուխամադը` դժգոհելով. - «Որպես ընդունող կողմ` Մոսկվան պայմաններ չի ստեղծում միգրանտների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG