Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը հակադարձեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան կարող է արտաքսել այնտեղ ապրող ապօրինի հայ միգրանտներին։

«Նման քաղաքական հայտարարությունները չեն նպաստում երկու պետությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով. - «Դեռեւս Ցեղասպանության ճանաչման խնդիրը ունի խիստ արդիականություն, եւ խնդրի արմատական լուծումը լինելու է այն դեպքում, երբ Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանությունը»:

Տիգրան Սարգսյանի խոսքով, Թուրքիայի վարչապետի նախընտրած տոնով աշխատելը «ճիշտ չէ»:

Թուրքիայի վարչապետը Լոնդոնում BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում խոսելով Թուրքիայի տարածքում բնակվող, իր տվյալներով` 170 հազար հայերի մասին, որոնցից, իր տվյալներով, միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ` ասել էր. - «Այս մարդկանցից շատերը Թուրքիայում ապրում են ավելի քան 10 տարի, եւ մենք այս հարցը չենք պատրաստվում հապճեպորեն լուծել, բայց եթե ամեն բան նույն կերպ շարունակվի, մենք ստիպված կլինենք վերագնահատել իրավիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Ի վերջո, այդ 100 հազար մարդիկ մեր քաղաքացիները չեն, եւ եթե կարիք լինի, մենք վտարելու ենք նրանց երկրից»:


Հայաստանի վարչապետն ասաց, որ Թուրքիայի վարչապետի
բարձրաձայնած խնդրի լուծման լավագույն տարբերակը դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն է:

«Թուրքիայի վարչապետի հայտարարությունները ամենեւին չեն նպաստում երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավմանը», - հավելեց Տիգրան Սարգսյանը:

Ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե Հայաստանի կառավարության տվյալներով, Թուրքիայյի քաղաքացի չհանդիսացող որքան հայեր են ապրում այդ երկրում, վարչապետը պատասխանեց. - «Մեր ունեցած տեղեկատվության համապատասխան, Էրդողանի հնչեցրած թիվը մի քանի անգամ գերազանցում է այն տեղեկատվությունը, որ մենք ունենք: Բայց ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար անհրաժեշտ է աշխատել դիվանագիտական խողովակներով»:

Հարցին, թե կառավարությունը հետ չի վերցնի խորհրդարանի վավերացմանը ներկայացրած հայ-թուրքական արձանագրությունները, վարչապետը արձագանքեց. - «Ճիշտ չէ ցանկացած իրադարձություն, ցանկացած հայտարարություն, որ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, անհապաղ կապել արձանագրությունների խնդրի հետ: Հանրապետության նախագահը չափազանց հստակ պատասխանել է բոլոր հարցադրումներին: Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունը մենք չենք ուզում կապել հայ-թուրքական արձանագրությունների [վավերացման] գործընթացի հետ»:

Արդարադատության նախարար Գեւորգ Դաինելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էրդողանի հայտարարության առնչությամբ ասաց. - «Եթե ինքը փորձ անի, դա հենց կհամարվի Ցեղասպանություն: Այսինքն՝ մենք լրացուցիչ ապացույցների կարիք չենք ունենա: Թեպետ՝ հիմա էլ չունենք»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կարծիքով, Էրդողանի հայտարարությունը մարդու իրավունքների խախտում է:

«Ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկի վրա բռնանալու, թե մարդը որտեղ է ընտրում այս պահին իր ապրելու վայրը: Դա բացարձակ մարդու իրավունքների խախտում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցները «պետք է զսպեն Թուրքիայի վարչապետի ձգտումները»:
XS
SM
MD
LG