Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը Բրյուսելում քննարկել է Եվրամիությանը ասոցիացված անդամակցության հարցը


Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուիրին Բրյուսել կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ:

Հանդպիպման ժամանակ, ինչպես հաղորդել են Վրաստանի վարչապետի աշխատակազմից, շեշտվել է, որ Վրաստանը լինելու է «միակ երկիրը Հարավային Կովկասում, որը Եվրամիության հետ կունենա պարզեցված վիզային ռեժիմ եւ փախստականներին հետ ընդունելու ընթացակարգ»:

Գերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Եվրամիությունը ներկայումս քննարկում է կառույցին Վրաստանի ասոցիացված անդամակցության հարցը, որում հաշվի է առնվելու նաեւ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործոնը: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները այս խնդրի շուրջ կմեկնարկեն ամենամոտ ապագայում:

Եվրամիության նախագահը նաեւ շեշտել է, որ Եվրամիությունը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքով, Եվրամիությունը սպասում է հրադադարի մասին պայմանագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Գերման Վան Ռոմպեյը նաեւ ասել է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետեւում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը, թեեւ իր դիտորդներին չի գործուղելու՝ հետեւելու առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

Վրաստանի վարչապետը հաստատել է պարզեցված վիզային ռեժիմի եւ փախստականներին հետ ընդունելու ընթացակարգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության փաստը: Բացի այդ, նրա խոսքով, Վրաստանը Եվրամիության հետ ունի նաեւ տարբեր ոլորտների առնչվող համաձայնություններ, մասնավորապես՝ միմյանց սահմանները ճանաչելու եւ աշխարհագրական անվանումները պաշտպանելու, ընդհանուր օդային տարածքի վերաբերյալ համաձայնագրերը:

«Մենք տեսում ենք, որ Եվրամիության հետ մեր համագործակցության դինամիկան տարեցտարի աճում է», - ասել է Վրաստանի վարչապետը:

Բրյուսել կատարած այցի ընթացքում Նիկա Գիլաուրին հանդիպել է նաեւ առեւտրի եւ էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատարներ Կարլ դե Գուխտի եւ Գյունտեր Օթինգերի հետ: Այսօր նախատեսված են նաեւ նրա առանձնազրույցները Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆուլեի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG