Մատչելիության հղումներ

Կիրո Մանոյան. «Մինսկի խմբի գործընթացը կշարունակվի, բայց մոտ ապագայում առաջընթաց ակնկալելը հիմնավորված չէ»


Կիրո Մանոյան

Կիրո Մանոյան

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` «Մինսկի խմբի դիվանագիտությունը կշարունակվի, բայց Ադրբեջանի կեցվածքի պատճառով մոտ ապագայում առաջընթաց ակնկալելը հիմնավորված չէ»:

«Իսկ նաեւ այս վիճակն է, որովհետեւ Թուրքիան, օգտագործելով Հայաստան - Թուրքիա արձանագրությունները, փորձում է այդ արձանագրությունները որպես լծակ օգտագործել Հայաստանի վրա, հայկական կողմի վրա` Ղարաբաղի հարցում իր պատկերացրած զիջումները կատարելու համար, ինչը եւս անիրապաշտ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանոյանը` մանրամասնելով. - «Այդ պատկերացրած զիջումը այն է, որ պետք է որ այսպես կոչված` Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները ազատագրվեն, իրենց ասելով: Դա հեշտ եւ մի քանի ամսում տեղի ունենալիք բան չէ, եւ ուրեմն` Թուրքիայի այդ կեցվածքը իրականում ոչ միայն Հայաստան - Թուրքիա հարաբերությունները տեղից չի շարժում, այլ նաեւ խանգարում է Ղարաբաղի բանակցություններին»:

«Եվ այս ամենի տակից դուրս գալու, կարծում ենք, կարճ ճանապարհը այն է, որ Հայաստանը հայտարարի, որ Թուրքիայի կեցվածքի պատճառով Հայաստան - Թուրքիա արձանագրությունների գործընթացը տապալվել է` Թուրքիայի մեղքով, եւ դրանից հետո Ղարաբաղի հարցում բանակցությունները ակտիվացնել` հատկապես Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչների կամ ներկայացուցչի ուղղակի մասնակցությամբ», - նշեց Կիրո Մանոյանը` հավելելով. - «Այդ դեպքում կարելի է ինչ-որ առաջընթաց ակնկալել այս բանակցություններում»:

Դաշնակցական գործիչը նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Վաշինգտոն հրավիրելու իրական նպատակը «Հայաստանի վրա ճնշում բանեցնելն է»:

«Դրա համար էլ ճիշտ կանի նախագահը, որ այնտեղ եւս հայտարարի, որ Թուրքիայի պատճառով արդեն տապալվել է այս գործընթացը, պահանջի կամ ակնկալիքը փոխանցի Օբամային եւ Օբամայի վարչակազմին, որ Հայաստանը ակնկալում է, որ Օբաման իր քաղաքացիներին տված խոստումը` ցեղասպանության հարցով, կկատարի, այլապես, իսկապես, եթե նման արդյունքով չէ, որ նախագահը պիտի վերադառնա Վաշինգտոնից, նախագահի Վաշինգտոն գնալը, կարծում եմ, այդքան էլ նպատակահարմար չէ», - ամփոփեց Կիրո Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG