Մատչելիության հղումներ

Ռուսիո պատրիարքը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում


Ռուսիո պատրիարքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը ծաղկեպսակներ են դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երեւան, 17-ը մարտի, 2010թ.
Ռուսիո պատրիարքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը ծաղկեպսակներ են դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երեւան, 17-ը մարտի, 2010թ.

Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը` երկու եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ, ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Հուշահամալիրի անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

Հովվապետերն այցելեցին Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր ցուցասրահներում շրջելուց հետո Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում:

Վերջում Կիրիլ պատրիարքը ծառատունկ կատարեց Հիշողության պուրակում:

Նախատեսված էր, որ այդ արարողությունից հետո Կիրիլ պատրիարքը նաեւ խոսք կասի լրագրողների համար, բայց Ծիծեռնակաբերդում նա այդպես էլ չխոսեց եւ շտապեց Քանաքեռում գտնվող ռուսական եկեղեցին, որտեղից էլ բարձրախոսների միջոցով հնչեց նրա խոսքը` ուղղված ռուսական համայնքի ներկայացուցիչներին: Նրանք լսում էին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին եկեղեցուց դուրս` փողոցում կանգնած: Շատ էին նաեւ հայերը, իսկ եկեղեցու ներսում էին միայն հրավիրյալները:

Պատրիարքը կոչ արեց աջակցել, սատարել մեկմեկու, պահպանելով հավատքը, լեզուն, մշակույթը: «Սա ամենակարեւորն է, որովհետեւ եթե պահպանվում է ազգային ինքնագիտակցությունը, պահպանվում է նաեւ լեզուն, մշակույթը, հավատքը, եւ այդ դեպքում հայրենիքից դուրս ապրող մարդիկ կարող են իրենց լավ զգալ», - ասաց նա` շեշտելով, թե տեղյակ է, որ Հայաստանում բոլոր հնարավորությունները կան` սովորելու ռուսաց լեզուն, ուսումնասիրելու ռուսական մշակույթը, եւ ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի` շնորհակալություն հայտնեց ամբողջ հայ ժողովրդին այս հնարավորությունների համար:

Ամենայն Հայոց կաթողիկոսը եւս իր խոսքը ուղղեց Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում եւ դրսում հավաքվածներին` ասելով. - «Մեր ժողովուրդների պատմությունը եղել է հավատքի հաղթանակի պատմություն: Քաղաքական պարտություններ մենք կրել ենք, բայց երբեք մեր ժողովուրդները չեն կրել հավատքի պարտություն»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի այցը մեծ խորհուրդ ունի:

«Ես կարծում եմ` դա մեծ խորհուրդ ունի: Ռուս պատրիարքը այցելում է Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը նշանակում է` մենք շարունակում ենք ամրացնել մեր եղբայրական կապերը եկեղեցիների, ժողովուրդների եւ պետությունների միջեւ, որը, իհարկե, միշտ բարեբեր կանդրադառնա մեր երկրների վրա, մեր տարածաշրջանի վրա, ընդհանուր ապագա կյանքի համար դա շատ շինիչ եւ հոգենորոգ գործ է», - ասաց Պարգեւ արքեպիսկոպոսը:

Չորեքշաբթի օրը Կիրիլ պատրիարքին եւ Գարեգին երկրորդ կաթողիկոսին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը Հայաստան է ժամանել նախօրեին: Մարտի 18-ին նա ավարտում է իր եռօրյա այցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG