Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի օրը Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը:

Հանդիպման վերաբերյալ որեւէ հայտարարություն առայժմ չի արվել:

Ֆրանսիայի արտգործնախարարությանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին հետեւյալը. - «Սա փաստորեն շարունակությունն է հանդիսանում ամսի 5-ին [մարտի] Փարիզում տեղի ունեցած հանդիպման, որը ընթացավ նույն ձեւով: Այսինքն՝ նախ համանախագահների խորհրդակցություն, իսկ հետո խորհրդակցություն Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Քննարկումը վերաբերում է բանակցությունների արձանագրած առաջընթացին եւ դրա հեռանկարներին»:

Հարցին, թե կլինի արդյոք որեւէ հաղորդագրություն հանդիպման ավարտին, Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը ասաց. - «Կան բանակցություններ, որոնց մասին խոսելը երբեմն նպաստավոր չէ»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մինչդեռ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, թե «այսօրվա քննարկումը Հայաստանի արտգործնախարարի հետ կարեւոր փուլ է Ղարաբաղյան բանակցություններում»:

«Պաշտոնական Բաքվի կողմից Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին տրված հավանությունից հետո հերթը Հայաստանինն է՝ հայտնելու իր տեսակետը: Երբ պաշտոնական Երեւանը նույնպես կհայտնի իր որոշումը, Բաքուն կորոշի իր հետագա քայլերը», - հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG