Մատչելիության հղումներ

logo-print

Ներսես Երիցյանը հակադարձում է Գագիկ Ծառուկյանին


Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով, ի դեպ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, Գերմանիայից փոխանցել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` երկուշաբթի օրը հնչեցրած հայտարարության պատասխանը։

Ծառուկյանը, հիշեցնենք, երեկ խորհրդարանում հայտարարել էր, թե Ներսես Երիցյանը «չի տիրապետում ո'չ երկրի էկոնոմիկային, ո'չ էլ երկրի տնտեսական վիճակին»։

Երիցյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա մամուլի խոսնակ Գայանե Վարդանյանը, պատասխանել է. - «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը: Իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության նախագահը եւ վարչապետը»:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց. - «Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում լիներ նման նախարար, ապա նա մեկ օր էլ չէր պաշտոնավարի»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին, հայտարարեց. - «Պարոն նախարարը խորհուրդ էր տվել Գագիկ Ծառուկյանին… Ներսես Երիցյանը շատ երկար ճանապարհ պիտի անցնի Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալու իրավունքը վաստակելու համար: Նա շատ է սիրում երկարաշունչ ելույթներով հանդես գալ: Ես [Երիցյանին] խորհուրդ կտայի ավելորդ էներգիա վատնելու փոխարեն՝ այն դեպքում, երբ արձանագրվում է 14 տոկոս տնտեսական անկում, շատ ավելի կարճ մեկ գործողություն անել՝ վերցնել թուղթ եւ գրիչ եւ հրաժարականի դիմում գրել»:

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ մեկնաբանել կոալիցիոն գործընկերների աղմկահարույց հայտարարությունների շարժառիթը, ասաց. - «Կոալիցիայի ներսում ոչ մի հակասություն էլ ես չեմ տեսնում: Խոսքի ազատության դեպքում մարդիկ իրենց կարծիքը արտահայտում են. դա չի նշանակում, որ կոալիցիայի ներսում կան հակասություններ»:

Խորհրդարանական ընդդիմության՝ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ կոալիցիայի ներսում հակասություններ կան. - «Կոալիցիան ձեւավորվել է ոչ թե գաղափարական ընդհանրություններ, աշխատանքային ընդհանրություններ ունենալու սկզբունքի հիման վրա, այլ ընդամենը եկամուտների վերաբաժանման խնդիր կա: Եվ, բնականաբար, գալիք ընտրություններին նախապատրաստվելու խնդիր»:
XS
SM
MD
LG