Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի առաջարկները հանձնվեցին Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ


Ընդդիմության երթը դեպի Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ: 16-ը մարտի, 2010թ.

Ընդդիմության երթը դեպի Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ: 16-ը մարտի, 2010թ.

Երեքշաբթի օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները, բազմամարդ երթով անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ հանձնեցին ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ նամակն ու երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը՝ հասցեագրված Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդին:

Նամակում, գոհունակություն արտահայտելով, որ Եվրախորհուրդը «շարունակում է հետեւել Հայաստանում տիրող իրավիճակին, հետեւողական է Վեհաժողովի բանաձեւերի կատարմանը», ընդդիմությունը նաեւ հույս է հայտնում, որ Յագլանդը կօգտագործի ի պաշտոնե իրեն ընձեռված հնարավորություններն ու իր անձնական ազդեցությունը՝ «ապահովելու, որպեսզի Կոնգրեսի առաջարկները [ԵԽԽՎ-ի] Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի քննարկումների մաս կազմեն»:

Մոնիտորինգի հանձնաժողովը, հիշեցնենք, մարտի 17-ին սկսվող նիստում պետք է քննարկի բարեփոխումների՝ իշխանությունների առաջարկություններն ու ժամանակացույցը:

«Վստահ ենք, որ այն, ինչ նրանք [իշխանությունները] ներկայացնելու են, լինելու է չեղած բարեփոխումների, դատարկ խոստումների մի ցուցակ», - հայտարարեց ընդդիմադիրների երթը գլխավորող ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմությունը, ըստ նրա, չի վստահում նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը. - «Ցավոք սրտի, Մոնիտորինգի հանձնաժողովում այսօր չկա որեւէ դեպուտատ, որ ներկայացնի ժողովրդին, ներկայացնի ընդդիմությանը, ներկայացնի մեր հասարակության պահանջները»:

Ինչպես Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակում, այնպես էլ Կոնգրեսի ժամանակացույցում նշվում է, որ 2008-ի նախագահական ընտրություններից երկու տարի անց Հայաստանում հաղթահարված չէ քաղաքական ճգնաժամը: Որպես ճգնաժամի հաղթահարման ելք Կոնգրեսը առաջարկում է «անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, մինչեւ ամառ վերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը, բարեփոխել հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին օրենքն ու Ընտրական օրենսգիրքը»:

Առաջարկվող ժամանակացույցի առանցքում, սակայն, ինչպես հայտնի է, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է՝ հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

ՀԱԿ-ը նաեւ առաջարկում է անկախ հանձնաժողովի ստեղծում՝ միջազգային փորձագետների ընդգրկմամբ, որը կզբաղվի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների սպանության հանգամանքների բացահայտմամբ:

«Կա իրականություն, եւ իրականությունը հետեւյալն է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Մոնիտորինգի հանձնաժողովում նորից բարձրացված է մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը», - ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Եթե բացահայտվեն սպանությունների կոնկրետ հանգամանքները, հետեւաբար մեծ հավանականության կա, որ կբացահայտվեն նաեւ հանցագործները», - հավելեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG