Մատչելիության հղումներ

«Իմեդի»-ի սյուժեն «լրագրողական անպատասխանատվության օրինակ էր»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի հարցերով նորանշանակ հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությամբ անցած շաբաթավերջին հեռարձակված իմիտացիոն սյուժեն ռուսական զորքերի կողմից իրականացված հարձակման, Թբիլիսիի արվարձաններում սկսված մարտերի ու Հարավային Օսիայում ձեւավորված ժամանակավոր կառավարության մասին։

«Դա լրագրողական անպատասխանատվության օրինակ էր», - հայտարարել է ԵԱՀԿ-ի հանձնակատարը։

Իմիտացիոն սյուժեն քննադատել են նաեւ մի շարք արեւմտյան դիվանագետներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները։

Չնայած ընդդիմության ու միջազգային հանրության խիստ քննադատությանը՝ ոլորտը կարգավորող մարմինը այդպես էլ որեւէ քայլ չի ձեռնարկել՝ հեռուստաընկերությանը պատժելու կամ նախազգուշացնելու համար։ Երեկ, մի քանի ժամ շարունակված նիստից հետո, մասնավորապես, Վրաստանի ազգային հեռահաղորդակցության հանձնաժողովը ընդամենը որոշել է հեռուստաընկերության ֆինանսական փաստաթղթերը պահանջել, ինչպես նաեւ պարտավորեցրել է տնօրինությանը եւս մեկ անգամ պաշտոնապես ներողություն խնդրել հասարակությունից։

Մինչդեռ մի շարք փորձագետների համոզմամբ, հանձնաժողովը պետք է կա՛մ խոշոր չափի տուգանք նշանակեր «Իմեդի»-ին, կա՛մ եթերազրկման մասին որոշում կայացներ:

«Երկուսն էլ նախատեսված են Վրաստանի օրենսդրությամբ», - ասել է Երիտասարդ իրավաբանների վրացական ընկերակցության ներկայացուցիչ Թամարա Կորդձայան։

Ի դեպ, վերլուծաբանների գնահատականով, «ձեւական» այդ որոշմանը դեմ է արտահայտվել հանձնաժողովի հինգ անդամներից միայն մեկը՝ ընդդիմության ներկայացուցիչը:

«Այս փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իմիտացիոն սյուժեն եթե ոչ գրվել, ապա գոնե հովանավորվել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից», - հայտարարում են ընդդիմադիրները։

Նախագահին եւ կառավարությանն ուղղված մեղադրանքները է'լ ավելի խստացան, երբ վրացական ինտերնետային կայքերից մեկում երկուշաբթի օրը հրապարակվեց հեռուստաընկերության ղեկավար, նախագահ Սահակաշվիլիի վաղեմի աջակից Գիորգի Արվելաձեի՝ ենթադրյալ զրույցը իր տեղակալի՝ Էկա Ծամարիշվիլիի հետ։ Ըստ այդ ձայնագրության, չնայած տեղակալի բազմաթիվ փաստարկներին, թե նման հաղորդումը կարող է լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել հեռուստաընկերությանը, գործադիր տնօրենը հրահանգում է այն եթեր հեռարձակել՝ պատճառաբանելով, թե նախագծից տեղյակ է եւ դրան աջակցում է նաեւ նախագահ Սահակաշվիլին։

Ինքը՝ Արվելաձեն, հերքում է ինտենետում տարածված այս հեռախոսազրույցը. - «Ինձ համար դժվար է ճանաչել սեփական ձայնս, սակայն չեմ բացառում, որ սա մոնտաժ է՝ տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակներում արած իմ հայտարարություններից, սադրանք, որի ետեւում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG