Մատչելիության հղումներ

«Գարեգին Նժդեհ» ուղետար կամուրջը կվերաբացվի նոյեմբերի 1-ին


Վերանորոգվող «Գարեգին Նժդեհ» ուղետար կամուրջը:

Վերանորոգվող «Գարեգին Նժդեհ» ուղետար կամուրջը:

Ավելի քան մեկ տարի կիսաքանդ վիճակում գտնվող «Գարեգին Նժդեհ» ուղետար կամրջի վրա մարտի 1-ին մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Կամուրջը կվերաբացվի աշնանը:

«Նոյեմբերի 1-ին համեցեք երթեւեկության բացմանը», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց փետրվարին հայտարարված վերակառուցման նախագծի մրցույթում հաղթած «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը:

«Կամուրջշին» ընկերությունը պարտավորվել է պայմանագրի կնքման օրվանից 240 օր հետո հանձնել վերանորոգված ու բարեկարգված կամուրջը` ամբողջովին փոխված թռիչքային մասով, ամրացված հեծաններով, նախկին 7-ի փոխարեն 9 բալ սեյսմակայունությամբ, նախկին 30-ի փոխարեն` 70 տոննա կրողունակությամբ, նոր բազրիքներով ու լուսավորությամբ:

1965 թվականին կառուցված «Վստրեչ» անունով առավել հայտնի ուղետար կամուրջը, որ շահագործումից ի վեր հիմնովին վերանորոգման չի ենթարկվել, 2009 թվականի փետրվարի 25-ից վերանորոգման նպատակով փակվել էր եւ մինչեւ 2009 թվականի հոկտեմբերը պետք է վերաբացվեր: Սակայն մրցույթում հաղթող ճանաչված «Գրիար» ընկերությունը հեծանների ծածկի քանդման աշխատանքները կատարելիս պարզել է, որ ուղետարի առկա վիճակը չի համապատասխանել 2007 թվականին կատարված հետազոտման եւ փորձարկման արդյունքներին, եւ աշխատանքները դադարեցվել են:

Պատվիրվել է ուղետարի նոր հետազննում, որի արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է հիմնովին վերակառուցել ուղետարը:

«Կառույցի տակ գտնվում էր շինարարական այլ կազմակերպության օբյեկտ: Մինչեւ դա չեն ապամոնտաժել եւ վրայի ասֆալտի շերտը չեն հանել, հնարավոր չէր լիովին ուսումնասիրել կամրջի վիճակը: Դադարեցվեց նախկին կառուցապատողի հետ պայմանագիրը, պատվիրվեց նոր նախագիծ, նախահաշիվ եւ նոր մրցույթ հայտարարվեց: Դրա համար ժամանակ էր պետք», - կամրջի վերանորոգման գործընթացի ձգձգումը այսպես բացատրեց Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գործակալության տնօրեն Լեւոն Հակոբյանը:

Գարեգին Նժդեհ ուղետարի վերակառուցման արժեքը կազմում է 1 մլրդ 800 մլն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG