Մատչելիության հղումներ

Նորանշանակ նախարարները հապճեպ չեն համարում «Օրինաց երկիր»-ին անդամակցելու որոշումը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին (աջից): 16-ը մարտի, 2010 թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին (աջից): 16-ը մարտի, 2010 թ.

«Օրինաց երկիր» կուսակցությանը կոալիցիոն համաձայնագրով վերապահված նախարարական պաշտոններում երկուշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նշանակված Մանուկ Վարդանյանը եւ Արմեն Երիցյանը, ովքեր անցած շաբաթավերջին էին միայն անդամակցել Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությանը, երեքշաբթի օրը պնդեցին, որ իրենց այդ որոշումները հապճեպ չեն եղել:

«Ես մինչեւ հիմա անկուսակցական եմ եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկ Վարդանյանը: - «Ես բավականին երկար տարիներ համագործակցել եմ թե' Հանրապետական, թե «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ: Առաջարկություն եղավ «Օրինաց երկիր»-ի [կողմից], եւ ես անդամակցեցի այնտեղ»:

Հարցին, թե որոշումը, կարծես թե, շատ կարճ ժամանակում է ընդունել, Վարդանյանը արձագանքեց. - «Եթե երկար տարիներ համագործակցում ես, դա մի օրվա խնդիր չէ: Թե' Հանրապետական եւ թե' «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ ես երկար տարիներ համագործակցել եմ»:

«Օրինաց երկիր»-ին անդամակցելու իր որոշումը հապճեպ չի համարում նաեւ Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը:

«Որոշումը հապճեպ չի եղել, եւ Արթուր Բաղդասարյանը իմ վաղեմի ընկերն է: Առաջարկը եղել է իմ ընկերոջ կողմից եւ ընդունվել է իմ կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երիցյանը:

Երեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նորանշանակ նախարարներին ներկայացրել է Տրանսպորտի եւ կապի ու Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակազմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG