Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետական խմբակցության ղեկավարը համաձայն չէ Գագիկ Ծառուկյանի գնահատականին


Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համաձայն չէ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գնահատականին:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ասել է, թե երկիրը պատվով դուրս է եկել տնտեսական ճնգաժամից, Գագիկ Ծառուկյանը հակադարձել էր. - «Տեղում չի եղել ու չի տիրապետում ո'չ երկրի էկոնոմիկային, ո'չ էլ երկրի տնտեսական վիճակին»:

Հանրապետական խմբակցության ղեկավարը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին այդ առնչությամբ ասաց. - «Մեզանում նման խնդիր չի քննարկվել, առավել եւս, որ մտածենք, որ Երիցյանը վատ է աշխատում կամ լավ»:

Հարցին` արդյոք Հանրապետական կուսակցությունը կքննարկի՞ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Ոչ, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը տեսակետ է, եւ ես կասեի նույնիսկ` դա քննարկելու խնդիր չունի էդտեղ: Ինքը այդպես է կարծում, բայց մեր մոտ նման խնդիր դեռեւս չի առաջացել: Եթե առաջանար, [Հանրապետականը] ոչ թե կքննարկեր, այլ հետ կկանչեր իր նախարարին»:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանրապետական է:

Սահակյանը ընդգծեց նաեւ, որ կառավարության տարեկան հաշվետվության ժամանակ էկոնոմիկայի նախարարի աշխատանքը դրական է գնահատվել:

«Չեմ կարծում, որ պիտի ունենանք այնպես մի կարող, առասպելական նախարար, որ ինքնուրույն ճգնաժամ հաղթահարի: Բայց դե կարծիք է, ես էլ իմ տեսակետն ունեմ տարբեր նախարարների, ես էլ պետական չինովնիկներ եմ տեսնում` ինձ համար ոչ ընդունելի, պարզապես հարմար չեն գտնում ասելու: Խնդիրը էստեղ պետական նորմերով, դրսեւորումներով` դա քաղաքական թիմ է, եւ քաղաքական թիմը իր բաղադրիչների խնդիրը ինքն է լուծում», - հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

Գալուստ Սահակյանը դրական է գնահատում նաեւ տնտեսական ճգնաժամը զսպելու եւ ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ կառավարության ջանքերը:

«Կարծում եմ, թիմը կարողացել է ե'ւ զսպել ճգնաժամը ընդհանուր առմամբ, ե'ւ քայլեր կատարել ճգնաժամից դուրս գալու համար: Մենք տնտեսական ճգնաժամի պայմաններում ե'ւ աշխատավարձ բարձրացրեցինք, ե'ւ թոշակներ բարձրացրեցինք: 2009 թվի համար, առավել եւս, սոցիալական ծախսերը չնվազեցրեցինք: Առավել եւս, մենք այսօր աշխատում ենք, որպեսզի հնարավորինս կարողանանք գազի թանկացումը այնպես անել, որ ժողովրդի վրա ծանր չնստի: Կարծում եմ, այսօր էլ է քննարկվում կառավարությունում, համապատասխան հասցեագրված փոխհատուցումներ կլինեն», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

Գագիկ Ծառուկյանի գնահատականներին արձագանքել է նաեւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` հայտարարելով. - «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության Նախագահն ու վարչապետը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG