Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետի լոնդոնյան այցի օրակարգում են նաեւ տարածաշրջանային հարցեր


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան
Երեքշաբթի օրը Լոնդոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպում կունենա բրիտանացի գորոծընկերոջ` Գորդոն Բրաունի հետ։ Եռօրյա այցը իրականացվում է բրիտանական կողմի հրավերով, եւ ինչպես փոխանցում է Լոնդոնում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Լուսինե Գրիգորյանը, կողմերը քննարկելու են ոչ միայն երկու երկրների հարաբերությունները, այլեւ մի շարք հրատապ հարցեր` միջազգային եւ տարածաշրջանային օրակարգից։

Օրակարգում լինելու են Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունները, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Թուրքական պատվիրակությունը մասնակցելու է նաեւ Թուրքիա - Մեծ Բրիտանիա երկօրյա գործարար համաժողովին, եւ այդ առիթով վարչապետին ուղեկցում են նրա տեղակալը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Արդեն երկրորդ անգամ կազմակերպվող Մեծ Բրիտանիա - Թուրքիա գործարար համաժողովի շրջանակներում երկու երկրների գործարարները եւ պաշտոնյաները կքննարկեն փոխադարձ ներդրումները ավելացնելու եւ տնտեսության մի շարք ճյուղերում համագործակցության խորացման հնարավորությունները։

Մեծ Բրիտանիան Թուրքիայի ամենամեծ առետրային գործընկերն է` Գերմանիայից եւ Ֆրանսիայից հետո: Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես, ամեն տարի Թուրքիան շուրջ 6 միլիարդ դոլարի եկամուտ է ստանում Մեծ Բրիտանիա արտահանված ապրանքների դիմաց։

Այցից առաջ Գորդոն Բրաունը բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններն ու հավաստիացրել, թե պաշտոնական Լոնդոնը կշարունակի աջակցել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։

«Մեծ Բրիտանիան Թուրքիայի ամենամեծ բարեկամներից մեկն է, մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի առաջիկա տարիներին Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ», - թուրքական Sabah-ի հաղորդմամբ, օրեր առաջ` իշխող լեյբորիստակյան կուսակցության թրքամետ խմբում ունեցած ելույթում, հայտարարել էր Բրաունը։

Նույնաբովանդակ ելույթով էր հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը։

Չնայած այդ հայտարարություններին, այդուամենայնիվ, մի շարք թուրք վերլուծաբանների համոզմամբ, ներկայիս բանակցությունները անամպ չեն ընթանալու։ «Էրդողանի այցը մթագնում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում տարեսկզբին շրջանառության մեջ դրված բանաձեւը` Հայոց ցեղասպանության շուրջ», - գրել է Zaman-ի վերլուծաբանը եւ մանրամասնել. - «Բանաձեւը, որը նախատեսում է ապրիլի 24-ը Մեծ Բրիտանիայում պաշտոնապես հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հունվարին արդեն առաջին անգամ քննության է առնվել բրիտանական օրենսդիր մարմնի ստորին պալատում, երկրորդ ընթերցումը նախատեսված է ապրիլի 30-ին։ Օրենքի ուժ ստանալու համար այս նախագիծը պետք է արժանանա ոչ միայն Համայնքների, այլեւ Լորդերի պալատի, ապա` թագուհու հավանությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG