Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյան. «Թուրքիայի պնդումները ընդամենը շղարշ են»


«Այսօր Թուրքիայի կողմից հնչող անհիմն պնդումները, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, Շվեդիայի խորհրդարանում կամ այլուր քննարկվող եւ ընդունվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը կարող են իբրեւ թե վնաս հասցնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդամենը շղարշ են», - երկուշաբթի օրը Բեռլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում ծավալուն ելույթ ունենալով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` Նալբանդյանը ասել է նաեւ, թե «իրականում հենց Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու, կարգավորման ճանապարհին դժվարություններ եւ խոչընդոտներ ստեղծելու համար` դրանով իսկ հարցականի տակ դնելով ողջամիտ ժամկետներ հասկացության անգամ իմաստը»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Թուրքիան կգիտակցի իր ներկայիս գործելաոճի հետեւանքների պատասխանատվության ծանրությունը եւ հուսախաբ չի անի միջազգային հանրությանը:

Նույն օրը Գերմանիայի փոխվարչապետ, արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ նշել է. - «Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացի շարունակությունը եւ հաջողությունը, ապա պետք է զերծ մնա նախապայմանների լեզվով խոսելուց, ձգձգման արհեստական պատրվակներ փնտրելուց եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի արձանագրությունների վավերացման եւ իրականացման համար»:

Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը հետամուտ է իր նախաձեռնությամբ սկսված գործընթացի առաջընթացին եւ նույնը ակնկալում է Թուրքիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG