Մատչելիության հղումներ

logo-print

Հիլարի Քլինթոն. «Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, տարածաշրջանում մարդու իրավունքների բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքով, ԱՄՆ-ը Ադրբեջանում եւ հարավկովկասյան տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը կապում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

Մարտի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հրապարակեց «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում խիստ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ։

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները չի անտեսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում` տեղի տալով նավթային շահերին եւ շարունակելով համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, չնայած նման խիստ գնահատականներին, Հիլարի Քլինթոնը ընդգծեց. – «Մենք գիտենք, որ խնդիրներ կան ե'ւ Ադրբեջանում, ե'ւ Հայաստանում»։

Հիշատակելով երկու ադրբեջանցի բլոգերներին, ովքեր ձերբակալվել են «սեփական տեսակետները արտահայտելու համար»` պետքարտուղար Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար։

«Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն», - եզրափակեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG