Մատչելիության հղումներ

«Հայերի ու թուրքերի հարաբերությունները խղճի հարց է»


Դիտակետ հայ-թուրքական սահմանում:
Դիտակետ հայ-թուրքական սահմանում:

Թուրքիայում հրատարակվող «Հյուրիեթ»-ում լույս է տեսել Չենգիզ Աքթարի «Հայկական նախաձեռնության վախճանը» հոդվածը։ Հեղինակի պնդմամբ, մարտի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 բանաձեւի ընդունումը «վերջին մեխն էր հայ-թուրքական արձանագրությունների դագաղին»։

Չենգիզ Աքթարը գրել է, թե «Շվեդիայում խորհրդարանում բանաձեւի ընդունումը նշանակում է արձանագրությունները ստորագրելու նախաձեռնության վերջնական վախճան, ինչը նշանակում է, որ գործնականում կորուստ են կրել Հայաստանը, Թուրքիան եւ ամբողջ Հարավային Կովկասը»։

Հեղինակի կարծիքով, արձանագրությունների վավերացմանն առաջինը հարվածը հասցրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով «չնայած լավ չի կողմնորոշվում արտաքին քաղաքականության ասպարեզում, սակայն չի կարողանում ինքն իրեն զսպել եւ արտաքին խնդիրների մասին խոսում է այնպես, ինչպես կխոսեր ներքաղաքական խնդիրների մասին»։

Ըստ Աքթարի, վարչապետը արձանագրությունների վավերացումը կապել էր Ղարաբաղի հակամարտության հետ, ինչից հետո ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում նախատեսված քվեարկությունից առաջ Թուրքիայի խորհրդարանում վավերացման մասին խոսք լինել չէր կարող։ Դա էլ, իր հերթին, անկասկած ազդեցություն էր գործել ե'ւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ե՜ւ Շվեդիայի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունների վրա։

Ի՞նչ կպատահի այն դեպում, երբ «արձանագրությունները հանգրվանեն գրապահարանում»։ Նախ, հեղինակի համոզմամբ, Միացյալ Նահանգներում Թուրքիան արդեն դիտվում է որպես անվստահելի գործընկեր, իսկ Շվեդիայի քվեարկությանը Թուրքիայում հաջորդած ազգայնական ժայթքումը «միայն կընդգծի անվստահելի գործընկերոջ համարումը»։

Բացի այդ, Չենքիզ Աքթարի կարծիքով, «Թուրքիան կողմնորոշվում է դեպի Արեւմո՞ւտք, թե՞ Արեւելք, մահմեդական աշխարհ» հարցի պատասխանը մեծավ մասամբ հենց հայկական նախաձեռնությունն էր։

«Հիմա, երբ դա այլեւս չի մնում, մեր հաշվեկշռին մնում են Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրի այցը, Համասի եւ Մահմուդ Ահմադինեժադի հետ կապերը», - գրել է Աքթարը։

Բացասական երրորդ գործոնն այն է, որ ամբողջ աշխարհում առկա հակամարտությունների կարգավորման գործում միջնորդություն առաջարկող Թուրքիան, փաստորեն, «ձախողվում է եւ չի կարողանում լուծել արդեն անմիջականորեն իրեն վերաբերող հայկական, քրդական եւ կիպրական խնդիրները»։

Չորրորդ հանգամանքն այն է, որ 2007-ին Թուրքիան փորձել է փոխել «մեծ աղետի» (Հայոց հարցի) վերաբերյալ ինը տասնամյակից ավելի պատմություն ունեցող մոտեցումը։ «Մեծ աղետ»` իրադարձություն, որը, ըստ Աքթարի՝ «ավերել է Անատոլիան, ոչնչացրել է այնտեղ բնակվող հայերին եւ մնացած ոչ մահմեդականներին»։

«Մեծ աղետի» իրողությունը հերքելը, ըստ հոդվածագրի, տասնամյակների ընթացքում պաշտոնական դիրքորոշում էր, սակայն այն միջազգային ասպարեզում չի ընդունվել։ Աստիճանաբար մոտենում է 1915 թվականի իրադարձությունների 100-ամյակը, եւ Թուրքիան դառնում է ավելի մտահոգված ու ջղային. - «Մինչդեռ այդ վիճակից դուրս գալու հեռանկարը [հայ-թուրքական] արձանագրությունների վախճանից հետո էլ ավելի մշուշոտ է դառնում։ Ավելին, արձանագրությունների ձախողումը խթան կդառնա նրանց համար, ովքեր գերադասում են կոշտ, ժխտողական ավանդական դիրքորոշումը»։

Եվ վերջապես, հինգերորդ գործոնն այն է, որ բացահայտվում է Թուրքիայի կառավարության կերպարը` «հեռանկար չտեսնող, հայեցակարգ չունեցող, պահպանողական կառավարություն, որը փորձում է միայն նվաճել եւ մերժում է փոխզիջումը»։

«Շնորհիվ աշխարհագրական դիրքի` Թուրքիան, միեւնույն է, մնում է չափազանց կարեւոր պետություն։ Վերը նշված բոլոր խնդիրները դաշնակիցներն ի վերջո կշտկեն, այսինքն, չնայած արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի պնդումներին, վերստին Թուրքիան չէ, որ հանդես է գալիս նախաձեռնություններով եւ վերահսկում իր շուրջը տեղի ունեցող զարգացումները։ Արձանագրությունների ձախողումի միայն ապացուցում է, որ երկիրը շարունակում է պասսիվ մնալ», - գրում է հեղինակը։

Չենգիզ Աքթարի փոխանցմամբ, այնուամենանիվ ոչ թե կառավարությունները, այլ հասարակություններն են կառուցում ապագան։ Նույնիսկ երբ խոսք չկար արձանագրությունների մասին, հայերի եւ թուրքերի միջեւ անհաշիվ կապեր են եղել. - «Արձանագրությունների ամենաէական արդյունքը պետք է դառնար սահմանների բացումը։ Եթե դարպասը փակ մնա, դա բացասական ազդեցություն չի գործի ներկայիս հարաբերությունների վրա։ Քաղաքացիական դիվանագիտությունը, որը շարունակվում է առանց պետության միջամտության, գուցեեւ մի օր կազդի իրենից ետ մնացած պաշտոնական դիվանագիտության վրա»։

«Ի վերջո, հիմնարարն ու մնայունը անձնական եւ սոցիալական խիղճն է։ Եվ հայերի ու թուրքերի հարաբերությունները խղճի հարց է, որը չի կարելի թողնել միայն քաղաքական այրերին ու խորհրդարաններին», - եզրափակում է Չենգիզ Աքթարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG