Մատչելիության հղումներ

logo-print

Կուսակցությունների երիտթեւերը նամակ են ուղղում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատին


Մարտի 16-ին մի քանի քաղաքական ուժերի երիտթեւերի ներկայացուցիչները Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատուն կհանձնեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատին ուղղված իրենց շնորհակալական նամակը:

«Մենք` 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կանխամտածված եւ պետական հատուկ քաղաքականությամբ իրագործված մեծ ոճիրի` Հայոց Ցեղասպանության զոհ դարձած եւ սեփական հայրենիքից վտարված ժառանգորդներս, մեր երախտիքի եւ շնորհակալական խոսքն ենք հղում ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ` մարդկության դեմ գործված այդ ոճիրը ճանաչող եւ դատապարտող 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ», - գրել են երիտասարդներն իրենց նամակի սկզբում:

Նամակը ստերագրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը եւ ՀՌԱԿ «Արմենակ Եկարյան» երիտասարդական ակումբը:

Փաստելով, որ «ԱՄՆ-ը հանդիսանում է արդարության եւ ճշմարտության ջատագովը եւ նոր ոճիրիների կանխարգելման երաշխավոր», երիտասարդները նամակում համոզմունք են հայտնում, որ «Ներկայացուցիչների Պալատն իր լիագումար նիստում բանաձեւին կողմ կքվեարկի»:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը շեշտեց, որ «քաղաքական հայացքները այս հարցում պետք է մի կողմ դնել եւ համախմբվել»:

Այդուհանդերձ չի հաջողվել համընդհանուր հայտարարի գալ, քանի որ, օրինակ, ընդդիմադիր ՀՀՇ-ի երիտթեւը նախաձեռնությանը միանալու առաջարկ ստացել, բայց կտրականապես մերժել է. «Մենք չենք ցանկացել միանալ այն կուսակցությունների ստորագրություններին, որոնք որեւէ կերպ չեն արձագանքում Հայաստանում տիրող մարդու իրավունքների ոտնահարմանը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ-ի երիտթեւի նախագահ Կարեն Կարապետյանը: - «Իրենք արտաքին աշխարհին նամակներ ուղղելն ավելի անվտանգ են համարում, քան այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանն արձագանքելը», - նշեց նա:
XS
SM
MD
LG