Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի փորձագետները կմասնակցեն Հայաստանի դատական համակարգի թերությունների վերացմանը


Սերգեյ Կապինոսը մամուլի ասուլիսի ժամանակ, 15-ը մարտի, 2010թ.
Սերգեյ Կապինոսը մամուլի ասուլիսի ժամանակ, 15-ը մարտի, 2010թ.

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` մարտի 8-ին հրապարակված զեկույցի առնչությամբ իրենք մտադիր են Հայաստանի Սահմանադրական դատարանի, Արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի հետ փորձագետների մակարդակով աշխատանք տանել, որպեսզի վերացվեն հայաստանյան դատական համակարգում մատնանշված թերությունները։

«Հայաստանում խնդիր է օրենքի կիրառումը։ Դա խնդիր է։ Ցավոք սրտի, միշտ չէ, որ օրենքը կիրառվում է», - հայտարարեց դեսպան Կապինոսը՝ հավելելով, թե Հայաստանում օրենքները կարող են կիրառվելը այն դեպքում, երբ իրավական, «դատական համակարգն ավելի կատարյալ լինի», երբ այն «հստակորեն ամրագրի բոլոր խախտումները»։

Հիշեցնենք, որ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ուղղակի նշված էր, որ 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքը բացահայտում է թերություններ Հայաստանի արդարադատության համակարգում, մասնավորապես` մի շարք դեպքերում խախտվել է անձի ազատության իրավունքը, անմեղության կանխավարկածը, խոշտանգումների եւ ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով։

Ասուլիսի ընթացքում Կապինոսն անդրադարձավ նաեւ 2008-ի մարտյան դեպքերի հետեւանքով ձերբակալվածներին:

«Այդ մարդիկ մարտյան դեպքերի հետ կապված դատապարտվածներ են։ Եվ կրկին` միայն դատարանն է իրավասու տալ կոնկրետ սահմանումներ», - ասաց նա, քիչ անց, այդուհանդերձ, ավելացնելով. - «Այս դեպքում ես կարող եմ հղում կատարել Հայաստանի օմբուդսմենի կողմից հնչեցրած գնահատականին։ Ըստ նրա, համաներումը չպետք է կրեր այդպիսի ընտրովի բնույթ։ Այս կարծիքը պետք է հաշվի առնվի, բայց չպետք է լինեն կամայական որոշումներ։ Իրավական դաշտում բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն օրենքի վրա։ Եթե օրենքները կատարյալ չեն, ուրեմն պետք է կատարելագործել դրանք, բայց չպետք է լինի իրավական նիհիլիզմ, որովհետեւ դա ճանապարհ է հարթում ամենալայն կամայականությունների համար»։

Կապինոսը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց տեղեկությունը, որ օրերս, երբ Երեւանում էր ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը, վերջինս նկատողություն է արել իրեն, թե իբր կազմակերպության երեւանյան գրասենյակը ոչ լիարժեք տեղեկություններ է հաղորդել խորհրդարանական վեհաժողովին` Հայաստանում առկա իրավիճակի մասին։

«Դա նկատողություն չէր։ Դա փաստի արձանագրում էր», - ասաց նա։

Սերգեյ Կապինոսը փաստաթղթերի ծավալի մեծությամբ բացատրեց, թե ինչու 2008 թվականի մարտյան դեպքերին հաջորդած դատավարությունների մոնիթորինգի մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը հրապարակվեց միայն այս տարվա մարտին։

Հայաստանյան ընդդիմությունը, հիշեցնենք, պնդում է, որ զեկույցը պատրաստ էր ավելի վաղ, սակայն «ԺՀՄԻԳ-ի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ որոշակի պայմանավորվածության» արդյունքում հրապարակվել է «վերջին դատավարության ավարտից հետո»:

Անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների հեռանկարին` Կապինոսը բացառեց նման տարբերակը եւ ասաց, որ չի կարծում, թե Հայաստանին սպառնում է ապակայունացման վտանգ։

Նա մեկնաբանեց նաեւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի՝ օրերս Երեւանում արած հայտարարությունը, թե ինքը` Լենմարկերը, դեմ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը, դեմ է նաեւ բանակցություններին ղարաբաղյան կողմը ներգրավվմանը։

«Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ-ի այն մարմինը չէ, որը զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ։ Ղարաբաղյան խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրչիկը, եւ սրանք այն անձինք են, որոնք անմիջականորեն զբաղվում են խնդրով ու կարող են ու պետք է պաստախանեն խնդրի վերաբերյալ ցանկացած հարցի։ Իմ անձնական կարծիքով, եզրափակիչ որեւէ պայմանավորվածություն անհնար է առանց Ղարաբաղի մասնակցության», - ասաց նա՝ փաստարկելով. - «Որովհետեւ ինչպե՞ս կարելի է Ղարաբաղի փոխարեն որոշումներ կայացնել»։

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի վերոհիշյալ զեկույցին` իր գնահատականը տվեց նաեւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի գործունեությանը. - «Ընդհանրապես, ես շատ բացասական եմ գնահատում ԵԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում»:

Խոսելով բուն զեկույցի մասին՝ Դանիելյանն ասաց. - «Զեկույցում գրված է, որ մահացել են 8 հոգի: Զեկույցը, որը լույս է տեսնում 2010 թվականի մարտի 8-ին, եւ որում գրված է, որ 8 հոգի մարդ է զոհվել, երբ ոստիկանությունն ու դատախազությունն էլ են ընդունում, որ 10 հոգի մարդ է զոհվել… դա արդեն ցինիզմն է: Զեկույց, որտեղ չկա ո'չ ազգանուն, ո'չ դատավորի անունն է գրված, ո'չ դատախազի անունը, ո'չ փաստաբանի, ո'չ մեղադրյալի անուն: Ոչ մի անուն չկա գրված, ընդհանուր ինչ-որ խոսքեր են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG