Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը քննադատում է կառավարությանը


«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը պատասխանում է լրագրողների հարցերին:
«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը պատասխանում է լրագրողների հարցերին:

Իշխող կոալիցիային մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, երկրի ամենախոշոր գործարարներից Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում կրկին քննադատության ենթարկեց կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված հարկային փոփոխությունների փաթեթը, որը, հիշեցնենք, խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է անցած քառօրյայի ընթացքում:

«Այսօր տնտեսական ճգնաժամ է, ճգնաժամը ավարտված չէ: Պետք է մենք կարողանանք, որ հարկերը ոչ թե խստացվեն, այլ թուլացվեն, որոշ օրենքներ սառեցվեն», - ասաց Ծառուկյանը՝ շարունակելով. - «Դա աշխարհով մեկ ընդունված կարգ է՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է օրենքներ սառեցվեն, որ կարողանա ժողովուրդը գոյատեւել, կարողանանք այս ծանր պայմաններից միասնական ուժերով դուրս գալ»:

Խոսելով ճգնաժամի մասին՝ նա նշեց. - «Այսօր աշխարհով մեկ ոչ մեկը չի ասել, որ, ասենք թե՝ տնտեսական ճգնաժամը ավարտված է: Հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի: Անգամ այն պետությունները, որոնք անկման փոխարեն 4 տոկոս, 6 տոկոս աճ են ունեցել, նրանք չեն համարձակվում այդպիսի բան ասել»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ասել է, թե երկիրը պատվով դուրս է եկել տնտեսական ճնգաժամից, Գագիկ Ծառուկյանը հակադարձեց. - «Տեղում չի եղել ու չի տիրապետում ո'չ երկրի էկոնոմիկային, ո'չ էլ երկրի տնտեսական վիճակին»:

Հարցին, թե իր կարծիքը փոխանցե՞լ է նախագահ Սերժ Սարգսյանին, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը արձագանքեց. - «Երկրի նախագահը գիտի եւ համապատասխան քայլեր ինքը կատարում է: Ամեն ինչ չի կարելի երկրի նախագահի վրա թողնել»:

Ժողովրդի գոյատեւման մասին իր տեսակետը հնչեցրած Գագիկ Ծառուկյանին լրագրողները հարց ուղղեցին, թե թանկանալո՞ւ է արդյոք իրեն պատկանող ձեռնարկությունների արտադրանքը:

«Գործարանը մինուսով չի կարող աշխատել: Եթե, ասենք թե, գազը թանկացավ, ուրեմն՝ համապատասխանաբար հոսանքն է թանկանալու, տրանսպորտն է թանկանալու, ցեմենտն է թանկանալու, ամեն ինչն էլ թանկանալու է: Բա իհարկե, դա ո՞նց կարող է չանդրադառնալ», - պատասխանեց նա:

Արձագանքելով հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին՝ Ծառուկյանը ասաց. - «Մենք կողմ ենք հարեւանների հետ սահմանի բացմանը, դիվանագիտական կապի հաստատմանը՝ առանց նախապայմանի: Ցեղասպանությունը առեւտրի առարկա չի կարող դառնալ: Եթե նրանք [թուրքերը] այսօր ուզում են տարբեր միջոցներով դրա տակից դուրս գալ կամ ճնշումներ գործադրել մեր վրա, չեն կարող: Մենք կոալիցիոն գործընկերներով ասել ենք՝ մինչեւ իրենք այդ հարցը չվավերացնեն իրենց խորհրդարանում, մենք չենք վավերացնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG