Մատչելիության հղումներ

logo-print

«Իմեդի»-ի ղեկավարը հրաժարական չի տա


Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության տնօրեն Գիորգի Արվելաձեն չի պատրաստվում հրաժարական տալ այդ հեռուստաալիքի հեռարձակած «լուրերի հատուկ թողարկման» եւ դրան հաջորդած իրադարձությունների կապակցությամբ:

Շաբաթ երեկոյան «Իմեդի»-ն իմիտացիոն սյուժե էր հեռարձակել, իբր Ռուսաստանի զորքերը ներխուժել են Վրաստան, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սպանված է, վրաց ընդդիմության առաջնորդներ Զուրաբ Նողաիդելին եւ Նինո Բուրջանաձեն փախել են Հարավային Օսիա` ձեւավորելով ռուսամետ կառավարություն: Այն մասին, որ դա իմիտացիա է, «Իմեդի»-ի աշխատակիցները տեղեկացրել են հաղորդման մեկնարկից մոտ կես ժամ անց, երբ Թբիլիսիում արդեն իսկական խուճապ էր:

Արվելաձեն, ով Վրաստանի նախագահի համախոհներից է, ներողություն է խնդրել հաղորդման հեռարձակման ձեւի կապակցությամբ եւ հայտարարել, թե իրենց նպատակը ոչ թե խուճապ հարուցելն էր, այլ իրադարձությունների հնարավոր ընթացքը ցույց տալը:

Սահակաշվիլին քննադատել է այն փաստը, որ «Իմեդի»-ի հաղորդումը խուճապ է առաջացրել, սակայն ասել է, թե նման սցենարը անհավանական չէ:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը, մինչդեռ, «անպատասխանատու» է որակել հեռարձակված հաղորդումը եւ ընդգծել, որ այն չի նպաստում Վրաստանի խնդիրների լուծմանը եւ երկրի անվտանգությանը սպառնացող իրական մարտահրավերների չեզոքացմանը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն «Իմեդի» հեռուստաընկերության ակցիան որակել է «անպատասխանատու եւ անբարոյական` նախ եւ առաջ վրացական հասարակության հանդեպ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG