Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը փոխում է իր երկու նախարարներին


«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը, 12-ը դեկտեմբերի, 2009թ.

«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը, 12-ը դեկտեմբերի, 2009թ.

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկուշաբթի օրը ստորագրած հրամանագրերով Մանուկ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար՝ ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից, իսկ Արմեն Երիցյանը՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար՝ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նախագահի՝ նույն օրը ստորագրած այլ հրամանագրերով Մհեր Շահգելդյանը եւ Գուրգեն Սարգսյանը ազատվել են համապատասխանաբար ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարների պաշտոններից:

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիոն համաձայնագրով իրեն վերապահված նախարարությունների ղեկավարների փոփոխության մասին որոշումը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կայացրել է շաբաթ օրը՝ քաղխորհրդի նիստում՝ «ելնելով քաղաքական մարտավարությունից եւ ռազմավարությունից»:

Կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ըստ Բիշարյանի, ուժեղացնելու է կուսակցության քաղաքական աշխատանքները, իսկ Գուրգեն Սարգսյանը զբաղվելու է կուսակցության տնտեսական հարցերով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք այդ քայլով կուսակցությունը պատրաստվում է գալիք ընտրություններին, Հեղինե Բիշարյանը դրական պատասխանեց, ավելացնելով, որ իրենք գոհ են նախարարներից, այդ քայլով պարզապես իրականացնում են կուսակցության մարտավարությունը եւ ռազմավարությունը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում «Օրինաց երկիր»-ը հանրապետության նախագահին ներկայացրել էր Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանի, տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում` ներկայումս նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանի թեկնածությունները. Երիցյանը եւ Վարդանյանը նախօրեին դարձել են կուսակցության անդամներ:

Ի պատասխան շրջանառվող խոսակցություններին, թե այս փոփոխություններով պարզապես ուժեղացվում է երկրի նախագահի թեւը կառավարությունում՝ Հեղինա Բիշարյանը ասաց, թե երկու թեկնածուներն էլ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ընկերներն են:

Խորհրդարանում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այս կապակցությամբ ասաց. - «Այսպես թե այնպես, իհարկե, կոալիցիոն իշխանություն է, քաղաքական բեռի ծանրությունը հիմնականում մեր ուսերին է, եւ ես այդպես տարբերություն էլ չեմ դնում, թե մեր առաջարկած նախարարն է: Ինձ համար խնդիրն այն է, որ ուշի-ուշով հետեւենք, որ այն ծրագրերը, որ ընդունվել են մեր կողմից, կատարվեն»:

Կոալիցիոն մյուս գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համար հասկանալի չէ կատարվող փոփոխությունների շուրջ իրարանցումը:

«Ի վերջո, եթե կուսակցության նախագահը, կուսակցության քաղաքական խորհուրդը նպատակահարմար է գտել կատարել այդ փոփոխությունը, ապա դա իրենց գործն է», - ասաց Զոհրաբյանը:
XS
SM
MD
LG