Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը փոխում է իր երկու նախարարներին


«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է ետ կանչել Մհեր Շահգելդյանին` արտակարգ իրավիճակների նախարարի, եւ Գուրգեն Սարգսյանին` տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոններից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նախարարների փոփոխության մասին որոշումը կայացվել է շաբաթ օրը «Օրինաց երկիր»-ի քաղխորհրդի նիստում` ելնելով քաղաքական մարտավարությունից եւ ռազմավարությունից:

Կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ըստ Բիշարյանի, ուժեղացնելու է կուսակցության քաղաքական աշխատանքները, իսկ Գուրգեն Սարգսյանը զբաղվելու է կուսակցության տնտեսական հարցերով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք այդ քայլով կուսակցությունը պատրաստվում է գալիք ընտրություններին, Հեղինե Բիշարյանը դրական պատասխանեց, ավելացնելով, որ իրենք գոհ են նախարարներից, այդ քայլով պարզապես իրականացնում են կուսակցության մարտավարությունը եւ ռազմավարությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում «Օրինաց երկիր»-ը հանրապետության նախագահին կներկայացնի Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանի, տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում` ներկայումս նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանի թեկնածությունները. Երիցյանը եւ Վարդանյանը նախօրեին դարձել են կուսակցության անդամներ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG