Մատչելիության հղումներ

logo-print

Շվեդիան պաշտոնապես ներողություն է խնդրում Թուրքիայից


Շաբաթ երեկոյան Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը գանգահարել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին եւ պաշտոնապես ներողություն խնդրել մարտի 11-ին շվեդական Ռիկսդագի կայացրած որոշման համար:

Շվեդական խորհրդարանը հինգշաբթի օրը ճանաչեց 1915 թվականին հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը:

«Շվեդական կառավարությունը կտրականապես դեմ էր այս բանաձեւի ընդունմանը, եւ դրա հաստատումը Ռիկսդագում բացառապես ներքաղաքական զարգացումների արդյունք էր: Այս բանաձեւը օրենքի ուժ չունի», - ըստ թուրքական Hurriyet-ի` հեռախոսազրույցի ընթացքում նշել է Ռայնֆելդը` հավելելով. - «Մենք թույլ չենք տա, որպեսզի այս բանաձեւը որեւէ բացասական ազդեցություն ունենա թուրք - շվեդական երկկողմ հարաբերությունների վրա»:

Շվեդիայի կառավարության ղեկավարի խոսքով, Շվեդիայի իշխանությունները շարունակելու են անել հնարավորը` «երկկողմ հարաբերությունները պաշտպանելու նման հիմնազուրկ որոշումներից, որոնք կայացվում են ընդամենը մեկ քվեի առավելությամբ»:

Ֆրեդերիկ Ռայնֆելդը Էրդողանին նաեւ փոխանցել է, որ Շվեդիան շարունակում է մնալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամենահավատարիմ ջատագովների շարքում:

Էրդողանը, իր հերթին, Շվեդիայի վարչապետին կոչ է արել «քայլեր ձեռնարկել կատարված սխալն ուղղելու համար»:

Մեկնաբանելով Ռիկսդագի որոշումը` Էրդողանը ասել է. - «Այս քայլը անգրագիտության եւ նախապաշարմունքների արդյունք է: Դրա նպատակն էր տապալել տարածաշրջանում Թուրքիայի գործադրած խաղաղասիրական ջանքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG