Մատչելիության հղումներ

Թիվ 10-ում Պետրոս Մակեյանի եւ մյուսների ծեծի փաստով քրեական գործը կասեցվել է


Պետրոս Մակեյանը ընտրությունների օրը բռնության ենթարկվելուց հետո, 10-ը հունվարի, 2010թ.

Պետրոս Մակեյանը ընտրությունների օրը բռնության ենթարկվելուց հետո, 10-ը հունվարի, 2010թ.

Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված պատգամավորական լրացուցիչ ընտրությունների ժամանակ «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանին, նրա որդուն՝ Կարեն Մակեյանին եւ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը կասեցվել է: Այդ մասին ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կասեցման հիմքը, ըստ Ոստիկանության, այն է, որ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել:

Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ճանաչվել են գործով տուժողներ: Ի սկզբանե խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործը վերաորակվել է Քրեական օրենսգրքի 117-րդ եւ 118-րդ հոդվածների հատկանիշներով` ծեծը եւ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը:

Պետրոս Մակեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց տուժողի կարգավիճակ տալը որակեց «չակերտավոր» առաջընթաց` ասելով. - «Չակերտավոր առաջընթաց կա` այն առումով, որ մեզ չեն փակել [ազատազրկել], մեզ մեղադրյալ չեն ճանաչել: Որովհետեւ մենք անցել ենք մարտի 1-ից հետո այդ դժոխքով, երբ մեր ընկերներին ցանկացած հոդվածը դնում են, փակում են եւ դատում են»:

Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի էին ենթարկվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ եւ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Պետրոս Մակեյանը մշտապես հայտարարում է, որ իրենց ծեծի են ենթարկել հաղթանդամ «սափրագլուխները», որոնց հետ համագործակցել են ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը: Բայց դեպքից հետո իրավապահների տարածած հաղորդագրություններում Մակեյանի մատնանշած անձանց մասին որեւէ հիշատակում չեղավ:

Պետրոս Մակեյանը համոզմունք հայտնեց, որ հանցագործություն կատարած «սափրագլուխները» բոլորին էլ հայտնի են, հայտնի են նաեւ այն մեքենաների համարները, որով նրանք հեռացել են տեղամասից, պարզապես իշխանությունները չեն ցանկանում նրանց դատապարտել. - «Հանձնաժողովի նախագահը, որը Արաբկիրի, կարծեմ, թաղապետի տեղակալն է, եւ [ընտրություններում հաղթած թեկնածու] Արա Սիմոնյանի վստահված անձը եղել են նույն բանդայի մասնակիցները, համագործակցել են այդ ամբողջ պրոցեսում իրար հետ: Այսինքն, չգտնելու որեւէ խնդիր չկա: Որեւէ գաղտնիք չկա, ուղղակի չեն ուզում փուռը տալ իրենց, այսպես ասած, հանցագործ սպասարկողներին: Որովհետեւ առաջիկայում նոր ընտրություններ կան»:

Մակեյանի կարծիքով` նման անձանց չդատապարտելով`իշխանությունները նաեւ ուժեղացնում են վերահսկողությունը նրանց նկատմամբ. - «Որ մյուս ընտրությանը սրանք ավելի շատ հանցագործություն կատարեն, որպեսզի ավելի շատ պլան կատարեն»:

Հանցագործներին չհայտնաբերելը պատահական չհամարեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ով ընտրությունների օրը համակարգում էր մի շարք տեղամասերում ընդդիմության վստահված անձանց աշխատանքները:
«Նույն խումբն է, որը գործել է իշխանության հովանավորությամբ, որը ծառայել է [Երեւանի քաղաքապետ] Գագիկ Բեգլարյանի ընտրության ժամանակ, որը ծառայել է Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ, որը ծառայել է Ռոբերտ Քոչարյանին... Սրանք կարող են գործել եւ չպատժվել միայն եւ միայն մեր նման պետությունում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը:

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկը, այսպիսով, կասեցվեց, երկուսը կարճվել են, միայն մեկ ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի է կեղծարարության մեղադրանք առաջադրվել:

Ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան` ընտրություններն անվավեր ճանաչելու խնդրանքով, եւ դատարանը դեռ որոշում չի կայացրել:
XS
SM
MD
LG