Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները արձագանքում են պետքարտուղարության զեկույցին


Ոստիկանությունն արգելափակում է ցուցարարների ճանապարհը: Երեւան, 1-ը մարտի 2008 թ.

Ոստիկանությունն արգելափակում է ցուցարարների ճանապարհը: Երեւան, 1-ը մարտի 2008 թ.

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացասական ու կողմնակալ է գնահատում Միացյալ Նահանգների Պետքարտուղարության՝ երեկ հրապարակած զեկույցը Հայաստանի վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, մինչդեռ, այն համապատասխանում է իրականությանը:

«Զեկույցը շատ բացասական եմ գնահատում, չի համապատասխանում իրականությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Կողմնակալ զեկույց է, որը, կարծում եմ, ոչ միայն չի օգնում հայաստանյան հասարակությանը կամ իշխանություններին, այլեւ սխալ կարծիքը միշտ էլ վատ հետեւանքներ է ունենում»:

Հարցին, թե Հայաստանի համար ո՞րն է շահեկան՝ ընդունել քննադատությունը եւ ուղղել սխալները, թե՞ դիմակայել քննադատությանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Խորհուրդ կտայի այս զեկույցը, որը արված է, փորձեն իրենց մեջ որոնել, իրենց մեջ ճշտել, թե ինչպես կարելի է ներկայացնել զեկույցը, որը ներազդող լինի այս կամ այն պետության համար»:

«Եթե զեկույցը գրվում է եւ զեկույցի քննարկման փուլերում հիմնական կողմը, որին վերաբերելու է զեկույցը, տեղյակ չէ եւ քննարկմանը չի մասնակցել, այդ զեկույցը ինքնանպատակ զեկույց է», - եզրափակեց նա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին զեկույցի կապակցությամբ փոխանցեց հետեւյալ գնահատականը. - «Այն, ինչ Հայ ազգային կոնգրեսը, համաժողովրդական շարժումը արդեն մի քանի տարի պնդում էր, եւ հատկապես հետընտրական շրջանում, բոլոր այն քաղաքացիների հիմնարար, սահմանադրական իրավունքների ոտնահարումները, հետապնդումները, ոստիկանության ապօրինի գործողությունները, այդ բոլոր խախտումների ողջ սպեկտրը, ըստ էության, ներկայացվեց Պետդեպարտամենտի կողմից»:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով զեկույցը գնահատեց մարդու իրավունքների տեսանկյունից. - «Այդ զեկույցը վերարտադրում է նախկինում տեղի ունեցած իրադարձությունները, դեպքերը: Այն ժամանակ, իրոք, մասսայական միջոցառումները ժամանակավորապես Ազգային ժողովը սահմանափակել էր, բայց՝ գիտակցաբար: Եթե այսօր էլ լինի այդպիսի դեպք, հեռու Հայաստանից, մենք նորից կսահմանափակենք: Այս զեկույցի մեջ կան նաեւ ճշմարտության հատիկներ այն առումով, որ դատական համակարգը պետք է բարելավվի: Բայց, ինչպես ասում են՝ Մոսկվան միանգամից չի կառուցվել»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով Ռաֆիկ Պետրոսյանի դիտարկմանը, թե զեկույցում կան ճշմարտության հատիկներ, ասաց. - «Արդեն իսկ բոլորիս համար պարզ է, որ իրականությունը այն է, որ նույնիսկ իրենք չեն կարողանում իրականությունը չտեսնելու տալ: Ոչ թե որոշ դրվագներ կամ հատիկներ ընդունեն, այլ տեսնեն այն, ինչը իրականում կա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Այն հարցադրումները, փաստերը, որոնք այստեղ զետեղված են, ամբողջովին համապատասխանում են իրականությանը, եւ ես դա ոչ թե ասում եմ ոչ թե որպես քաղաքացի, որը դրա մասին տեղյակ է, լսել է, այլ՝ որպես անձնավորություն, որը տեսել է, իր սեփական մաշկի վրա է զգացել այս ամենը», - հավելեց Արմեն Մարտիրոսյանը:
XS
SM
MD
LG