Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի զեկույցը «լրջագույն զենք է» ընդդիմության համար


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ուրբաթ օրը հայտարարություն է տարածել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ շաբաթասկզբին հրապարակած զեկույցի վերաբերյալ:

Ըստ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի, զեկույցը վկայում է, որ «այսօր բանտերում պահվող եւ արդեն ազատված քաղբանտարկյալների նկատմամբ արդարադատություն չի իրականացվել, ինչը հիմնազուրկ է դարձնում ռեժիմի այն պնդումները, իբր այն մարդիկ, որ այսօր պահվում են բանտերում, իրականում անկախ դատարանի կողմից դատապարտված հանցագործներ են»:

Նա խոսեց նաեւ զեկույցի, իրենց գնահատմամբ, թերությունների մասին: Առաջինն այն է, որ քաղաքական գնահատականներ չեն տրվել:

«Զեկույցը ուշացած է: Զեկույցը պատրաստ էր մի քանի ամիս առաջ: Զեկույցը եթե ավելի շուտ հրապարակվեր, այն լուրջ ազդեցություն կունենար դատավարությունների վրա: Դա չեն արել, չեն արել քաղաքական նկատառումներից ելնելով, եւ մենք անընդունելի ենք համարում նման կեցվածքը ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի գրասենյակի կողմից», - հայտարարեց Կոնգրեսի համակարգողը:

Նա կրկին պնդեց, որ ԺՀՄԻԳ-ի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ որոշակի պայմանավորվածություն է եղել. - «Մեր տպավորությունն այն է, որ գործարք է տեղի ունեցել: Ակնհայտ է, որ զեկույցը հրապարակվել է միայն այն պահին, երբ վերջին դատավարությունն ավարտվեց՝ Փաշինյանի դատավարությունը: Մենք արդեն ասել ենք, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վրա աչք փակելու միտումների հիմքում ընկած է այն ակնկալիքը, որն այսօր միջազգային հանրությունը ունի Սերժ Սարգսյանի ռեժիմից: Այսինքն՝ Ղարաբաղյան խնդրում եւ հայ-թուրքական հարաբերություններում լուծումների իրագործման ակնկալիք ունեն Սերժ Սարգսյանի ռեժիմից, եւ այդ պատճառով պատրաստ են ռեժիմի որոշ պահանջների կամ խնդրանքների հետ հաշվի նստել»:

Նրա, այդուամենայնիվ, ավելացրեց, որ զեկույցի հեղինակները «արձանագրելով աղաղակող անօրինականությունների մասին իրողությունները՝ արդեն լրջագույն զենք են տվել մեզ»: «Որովհետեւ», - փաստարկեց նա, - «մենք արդեն կարող ենք ամբողջ միջազգային հանրության առաջ հիմնավորել այն փաստը, որ, ըստ էության, քաղբանտարկյալների նկատմամբ արդարադատություն չի կիրառվել»:
XS
SM
MD
LG