Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. «Մենք սպասելիքներ չունենք, որ հիմնախնդիրը կարող է շատ արագ լուծվել»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ ուրբաթ օրը Երեւանում ունեցած հանդիպումից անմիջապես հետո իր անհամաձայնությունը հայտնեց ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի երեկվա հայտարարությանը:

Լենմարկերը Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ ասել էր, թե այժմ գոյություն ունի իրական փոխզիջման հնարավորություն, եւ ղարաբաղյան հակամարտությունը անհրաժեշտ է ու հնարավոր է լուծել ամենակարճ ժամանակահատվածում:

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում Սոարեշի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Աշոտ Ղուլյանն, այս կապակցությամբ, մասնավորապես, ասաց. - «Երեւի նկատել եք, որ պարոն Լենմարկերի մակարդակով վերջին մի քանի տարիներին ամեն անգամ նշվում է, որ սա հանգուցային կլինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, բայց գործընթացը դրանից ոչ շահում է, ոչ էլ, կարծես թե, տուժում։ Մեր ասելիքը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովին այն է, որ քանի դեռ ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը ապահովված չէ, գոնե մենք ղարաբաղյան կողմից սպասելիքներ չունենք, որ հիմնախնդիրը կարող է շատ արագ լուծվել»։

Եվ առհասարակ, ըստ Ղարաբաղի խորհրդարանի նախագահի, ոչ միայն ղարաբաղյան, այլեւ ցանկացած այլ հակամարտության պարագայում շտապողականությունն օգտակար լինել չի կարող. - «Եթե խոսքը գնում է արագացված տեմպերով կարգավորման մասին, այստեղ նաեւ շատ մեծ են վտանգները շատ մեծ սխալներ գործելու»։

Իսկ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Ժոաո Սոարեշի հետ հանդիպումից Աշոտ Ղուլյանը գոհ էր. - «Չնայած ժամանակի սուղ լինելուն, կարծում եմ, որ հասցրել ենք խոսել ե՛ւ Լեռնային Ղարաբաղի այսօրվա իրավիճակի, նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին մեր պատկերացումների թեմաներով»։

Ինքը` Ժոաո Սոարեշն, ի դեպ, Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումից անմիջապես հետո մեծ արագությամբ հեռացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG