Մատչելիության հղումներ

logo-print
Հինգշաբթի երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, ըստ որի, էական խախտումներով անցկացված 2008-ի նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում։

Փաստաթղթում անդրադարձ կա Սամվել Նիկոյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին։ «Հանձնաժողովը, որը կոչված էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկույց, որում կա քննադատություն ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության հասցեին, սակայն բռնությունների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը», - ասված է զեկույցում։

«Տարվա ընթացքում ճգնաժամը չի կարգավորվել, գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման նոր դեպքեր։ Իշխանությունները սահմանափակել են կառավարությունը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրություններում», - փաստում են պետդեպարտամենտի հրապարակած հեղինակավոր զեկույցի հեղինակները ու հավելում. - «2009-ի ընթացքում իշխանությունները հետապնդել են քաղաքական ընդդիմախոսներին, կամայական ձերբակալություններ են կատարել, մարդկանց երկար ժամանակով պահել են նախնական կալանքի պայմաններում, կիրառել են ընդդիմախոսներին բյուրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրեժ լուծելու գործելակերպ»։

«Իշխանությունները ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դեմ, եւ խափանել են դրա վերաբերյալ տեղեկատվություն տարածելու քաղաքացիների փորձերը», - նաեւ ասված է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցի Հայաստանին առնչվող բաժնում։ - «Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, ազգային անվտանգության ծառայության գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել։ Ամբաստանյալներին զրկել են արդար դատավարության հնարավորությունից»։

Զեկույցում կա անդրադարձ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին. - «ԶԼՄ-ներին եւ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճան։ Իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է։ Գրանցվել են լրագրողների վրա հարձակումների նոր դեպքեր»։

Զեկույցում ասվում է, որ հայաստանյան իշխանությունները սահմանափակել են ժողովների եւ հավաքների ազատությունը, կոնկրետ վայրերում ցույցեր անցկացնելու քաղաքական ընդդիմության դիմումները բազմիցս մերժվել են, իշխանությունները միջամտել եւ ցրել են մարդկանց ինքնաբուխ հավաքները։

«Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան, եւ իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի այն հաղթահարելու համար», - ընդգծում են զեկույցի հեղինակները։

Ներկայացնելով ամբողջ զեկույցը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ այժմ կա մեկ մտահոգիչ միտում ամբողջ աշխարհում։

«Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն կատարող հասարակական կազմակերպությունների վրա նորանոր եւ ավերիչ սահմանափակումներ իրականացնող կառավարությունների թիվը ներկայումս հետզհետե աճում է», - ասել է Հիլարի Քլինթոնը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG