Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանի գործով բողոք է ներկայացվել Եվրոպական դատարան


Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյան

2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետեւանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով բողոքը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գանգատ ներկայացնող կողմը համոզված է, որ Միքայելյանի ազատազրկման գործընթացն ուղեկցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներով, եւ այսօր նրան անազատության մեջ պահելն էլ խոշտանգումից զերծ մնալու իրավունքի ոտնահարում է:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Սասուն Միքայելյանը ունի լուրջ առողջական խնդիրներ, բայց պետությունը չի անում օրենքով որոշված անհրաժեշտ այն գործողությունը, որը այս իրավիճակում պարտավոր էր անել: Այսինքն, մենք գիտենք, որ Սասուն Միքայելյանի հիվանդությունը մտնում է այն ցանկի մեջ, որի պարագայում անթույլատրելի է անազատության մեջ պահելը»:

Ըստ բողոքարկող կողմի, կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ հոդվածների խախտումներով են իրականացվել Միքայելյանի կալանավորումն ու դատաքննությունը, այսինքն՝ խախտվել է նրա անձեռնմխելիության եւ արդար դատաքննության իրավունքը:

Սասուն Միքայելյանը դատապարտվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերքի մեղադրանքներով: Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքներն ի սկզբանե անհիմն են եղել, եւ դատարանը բազմաթիվ խախտումների գնով ամեն ինչ արել է «մեղադրանքը դատավճռի վերածելու համար»:

«Սասուն Միքայելյանը դատարանի կողմից զրկվեց պաշտպանական ճառ ասելու իրավունքից, զրկվեց վերջին խոսք ասելու իրավունքից, անձամբ ցուցմունքներ տալու իրավունքից, անձամբ իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու իրավունքից… Սրանք արդեն բավարար պայմաններ են, որպեսզի Եվրոպական դատարանը ճանաչի արդար դատաքննության խախտումը», - վստահ է Արմեն Խաչատրյանը:

Նա վկայակոչեց նաեւ այն հանգամանքը, որ Սասուն Միքայելյանը ձերբակալվելուն պես Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին կամովին հայտնել է զինամթերքի գտնվելու վայրի մասին, եւ զինամթերքը հայտնաբերվել է դրանից հետո: Ըստ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի, զենք-զինամթերքը կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Մինչդեռ, ըստ Եվրադատարան գանգատ ներկայացրած կողմի, ոչ միայն անտեսվել է օրենքի այս պահանջը, այլեւ դատաքննության ընթացքում մերժվել են Անդրանիկ Միրզոյանին հարցաքննելու՝ պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները:

Պաշտպանական կողմը պնդում է, որ ապօրինի են եղել նաեւ Միքայելյանին 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու որոշումները:

Ըստ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատուների, արդեն Եվրադատարան են ուղարկել հետընտրական իրադարձությունների հետեւանքով քրեական հետապնդման ենթարկվածների շուրջ հինգ տասնյակ գործեր, այսինքն` գործերի գերակշռող մասն ուղարկված է, մնում են ընդամենը մի քանիսը:

Գրեթե բոլոր դեպքերում բողոքարկվում են արդար դատաքննության իրավունքի, անձեռնմխելիության իրավունքի խախտումները, նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածների [խոսքի ազատության եւ հավաքների ազատության իրավունք] խախտումների հանգամանքը:
XS
SM
MD
LG