Մատչելիության հղումներ

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցչի արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար։

Հինգշաբթի օրը գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 2008 թվականի նոյեմբերի 13–ին հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:

«Շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության եւ առաջնորդության ցուցաբերման համար»՝ մարտի 10–ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ հանձնեց Մարիամ Սուխուդյանին։

«Ես կդժվարանամ միանշանակ ասել, բայց ինչ խոսք՝ այս խնդրի հանրայնացումը, թե՛ դեսպանատան միջնորդությունը հաստատ ազդում են, սթափեցնում։ Ուղղակի չէր կարող այսպես շատ հետաքրքիր կերպով համընկներ այդ ամեն ինչը [մրցանակի արժանանալը եւ գործի կարճումը]», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարիամ Սուխուդյանը։

30-ամյա Մարյամ Սուխուդյանը մոտ մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստների հետ 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին որպես կամավոր աշխատելով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում, արձանագրել էր, որ դպրոցում ապահովված չեն սաների կրթության եւ դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ։ Բացի այդ, Սուխուդյանը տեսագրել եւ լրատվամիջոցներին էր փոխանցել դպրոցի սաներից մեկի՝ Դիանա Ամիրխանյանի պնդումները այն մասին, որ դպրոցի ուսուցիչներից մեկը սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել։

Դպրոցի տնօրինությունը կտրականապես հերքեց այդ մեղադրանքները։ Ոստիկանության իրականացված քննության արդյունքում հիշյալ ուսուցիչը՝ Լեւոն Ավագյանը, արդարացվեց այն բանից հետո, երբ Դիանա Ամիրխանյանը հրաժարվեց իր խոսքերից։ Այնուհետեւ ոստիկանությունը Մարիամ Սուխուդյանին մեղադրեց շահադիտական նպատակներով սուտ մատնություն կատարելու մեջ՝ հայտարարելով, որ ակտիվիստը համոզել է դպրոցի աշակերտուհուն հանդես գալ այսպիսի պնդումներով։ 2009 թվականի օգոստոսին Սուխուդյանին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց սուտ մատնության համար, որը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։

Գործի առնչությամբ մամուլում եւ տարբեր շրջանակներում բարձրացած քննադատության ճնշման տակ ոստիկանությունը 2009-ի հոկտեմբերին սուտ մատնության փոխարեն Սուխուդյանին առաջադրեց նոր մեղադրանք՝ զրպարտություն, որը պատժվում է տուգանքով։

Գլխավոր դատախազության կողմից այսօր հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. – «Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները: Բացի այդ՝ ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Հարուցվել է քրեական գործ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար»:
XS
SM
MD
LG