Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը գումարներ է հատկացնում Եվրադատարանի վճիռներով սահմանված տույժերը վճարելու համար


Կառավարության նիստը

Կառավարության նիստը

Կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երեքը վերաբերում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ ներկայացված գանգատներով կայացված վճիռների պահանջներին համապատասխան վճարվելիք գումարները հատկացնելուն։

Որոշումների նախագծերը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը։ Դրանցից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Կարապետյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով 2009 հոկտեմբերի 29-ին կայացված որոշման պահանջների կատարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը այս տարվա առաջին եռամսյակում պետք է հատկացվի 7 հազար 5 հարյուր եվրոյին համարժեք դրամ։

Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, 3 ամսվա ընթացքում պետությունը պարտավոր է դիմումատուին վճարել 4 հազար 5 հարյուր եվրոյին համարժեք դրամ որպես նյութական վնասի փոխհատուցում, եւ Միացյալ Թագավորությունում գտնվող դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվին փոխանցել 3 հազար եվրոյին համարժեք ֆունտ ստերլինգ` որպես դատական ծախսերի եւ ծախքերի փոխհատուցում։

«Խոսքը վերաբերում է վարչական կալանքին», - վճռի մանրամասները պարզաբանեց նախարար Դանիելյանը. - «Հաշվի առնելով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում դեռ 5 տարի առաջ համապատասխան փոփոխություններ են կատարվել, որի համաձայն վարչական կալանքը որպես տույժ նշանակելու միջոց արդեն իսկ վերացվել է, համարում ենք, որ այս խնդիրը, ըստ էության, հետագայում այլեւս չի կարող ծագել»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մյուս վճռով Հայաստանը պարտավորվում է 2 հազար 2 հարյուր եվրոյին համարժեք դրամով փոխհատուցել «Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվոր կողմին։

«Դարձյալ խոսքը վերաբերում է վարչական կալանքին։ Այս առնչությամբ մենք Եվրադատարանին պաշտոնապես հաղորդում ենք ուղարկել, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վաղուց արդեն կատարվել են համապատասխան փոփոխությունները», - նշեց նախարարը։

Եվրոպական դատարանի հաջորդ որոշումը վերաբերում է «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գործին, որով տուժող կողմին պետք է փոխհատուցվի 1 հազար 7 հարյուր 45 եվրոյին համարժեք դրամ։

Ինչպես ասաց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը. - «Խոսքը վերաբերում է «ՀրազդանՄաշ»-ի նախկին աշխատակից Խաչատրյանի աշխատավարձի վճարման վերաբերյալ դատական ակտը ուշացնելու հետ կապված փոխհատուցմանը»։

Հայաստանից այսօր Եվրադատարան ուղարկվող գործերի մասով իր եւ գործընկերների ձեռքի տակ եղած նյութերի վերաբերյալ փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հետեւյալը. - «Մեր աշխատանքը առավել ինտենսիվացել է: Թեկուզեւ նախկինում էլ են եղել բազում խախտումներ, բայց ներկայումս որոշ իմաստով մեր աշխատանքը, բացի ծանրաբեռնված լինելուց, նաեւ պարզացել է այն առումով, որ ներկայացված դիմումներում կատարված խախտումները այն աստիճանի պարզ ու տարրական են, որ դրա վերաբերյալ մենք իրավունքի մանրամասն մեկնաբանություններ նույնիսկ չենք էլ ներկայացնում»:

Անդրադառնալով առավել հաճախ հանդիպող խախտումներին՝ փաստաբանը ասաց. - «Մարտի 1-ից հետո մի հզոր հոսք նկատվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող դիմումների, որոնք նախեւառաջ կապված էին անձնական ազատության իրավունքի խախտման, արդար դատավարության իրավունքի խախտման, անձնական կյանքին միջամտության հետ: Բացի այդ, իհարկե, սեփականության պաշտպանությունը Հայաստանում ամենախոցելի ոլորտներից է»:

Վահե Գրիգորյանի տեղեկություններով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «այս պահի դրությամբ կառավարությանը հաղորդակցել է մի քանի տասնյակ դիմումներ»:

«Սա նշանակում է, որ ընթացքը քննության սկսվել է, մոտ երկու տասնյակ դիմումների մասով սպասվում են վճիռներ», - հավելեց նա:

Գրիգորյանը կարծում է, որ այս անգամ արդեն փոխհատուցվելիք գումարները ավելի մեծ են լինելու։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG