Մատչելիության հղումներ

Թուրք քաղաքական գործիչը «գրեթե անհնար» է համարում արձանագրությունների վավերացումը ներկա փուլում


Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար անդամ Սաուդ Քընըքլըօղլուն:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար անդամ Սաուդ Քընըքլըօղլուն:

«Ներկայում շատ բարդ է, գրեթե անհնար է, հատկապես [ԱՄն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից] թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո գրեթե անհնար է, որ [հայ-թուրքական արձանագրությունները] վավերացվեն Թուրքիայի խորհրդարանում», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սուաթ Քընըքլըօղլուն, ով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության հարցերով տեղակալն է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում։ ԼՐԱՑՎԱԾ

«Մենք չենք կարծում, որ օտար խորհրդարանները պետք է ինչ-որ բան ասեն այլ երկրների պատմության վերաբերյալ», - ասաց Քընըքլըօղլուն, ով զբաղեցնում է նաեւ Թուրքիայի խորհրդարանի թուրք-ամերիկյան բարեկամության խումբը՝ շարունակելով. - «Ես Միացյալ Նահանգներում էի բանաձեւի քննարկումների եւ քվեարկության ժամանակ: Այն անցավ մեկ ձայնի առավելությամբ, եւ դա մի բան է, որը մենք չենք կարող ընդունել։ Ո՛չ Թուրքիայի խորհրդարանը, ո՛չ էլ այլ երկրների խորհրդարաններ չպետք է վճիռ կայացնեն այլ ժողովուրդների պատմության վերաբերյալ։ Մենք շարունակում ենք կարծել, որ պատմական հարցերով ենթահանձնաժողովը, որի ստեղծումը նախատեսված է արձանագրություններով, լավագույն ճանապարհն է առաջ գնալու համար։ Թուրք-հայկական հարաբերությունները կարիք չունեն, որ ամերիկյան Կոնգրեսը տա իր հավանությունը կամ ընդունի որեւէ բան։ Կարծում եմ, որ թուրքերն ու հայերը բավականաչափ հասուն են` իրենց խնդիրները երկկողմ հարաբերությունների մակարդակում լուծելու համար»։

Միեւնույն ժամանակ, Քընըքլըօղլուն ասաց թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առումով։

«Մեկ-երկու տարի առաջ մենք նույնիսկ արձանագրությունները չունեինք։ Այժմ մենք ունենք երկու փաստաթուղթ, որոնք մանրամասնորեն նշում են, թե ինչպես պետք է ընթանա [մեր հարաբերությունների] նորմալացումը։ Կարծում եմ, սա դեռ հաջողություն է, որ երկու արտգործնախարարները ստորագրել են փաստաթուղթը։ Այո՛, ներկայում մենք սպասում ենք, որ Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում փաստաթղթերը վավերացվեն, բայց եթե մենք ցուցաբերենք որոշակի համբերություն եւ եթե որեւէ տեղաշարժ գրանցվի Ղարաբաղյան բանակացություններում, ես վստահ եմ, որ նորմալացումը տեղի կունենա, որովհետեւ այն բխում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ տարածաշրջանային բոլոր ուժերի շահերից։ Հարավային Կովկասը չպետք է լինի հակամարտությունների գոտի, այն պետք է լինի կայուն, կանխատեսելի եւ հուսանք` կդառնա ընդլայնված Եվրոպայի մասը», - ասաց նա։

Թուրք քաղաքագետը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել Անկարայում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո։

«Ինչպես գիտեք, մենք Վաշինգտոնից ետ են կանչել մեր դեսպանին եւ ներկայում խորհրդակցությունները շարունակվում են։ [Վաշինգտոնյան այցից հետո] ես դեռ չեմ եղել Անկարայում, դեռ ուղեւորությունների մեջ եմ տարաբնույթ հանդիպումների նպատակով։ Բայց գալիք շաբաթ պարզ կդառնա, թե հարցի առնչությամբ ինչ դիրքորոշում է որդեգրելու Թուրքիան։ Վարչապետ Էրդողանն ասել է, որ մինչեւ մեր դեսպանի վերադառնալը Վաշինգտոն ինքը սպասում է ամերիկյան կողմի հավաստիացումներին, թե բանաձեւը չի քննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»։

Ըստ Սուաթ Քընըքլըօղլուի, Անկարայում համարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման միջեւ կապ գոյություն ունի ու, ինչպես ինքն ասաց, հնարավոր չէ նորմալացնել հարաբերությունները մի երկրի հետ, երբ աննորմալ իրավիճակ է հարեւանությամբ։ Նշեց, թե ինքը սպասում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործըթնացում առաջընթաց կգրանցվի. - «Ինչքան շուտ կարգավորվի այդ խնդիրը, այնքան լավ։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը, հատկապես Միացյալ Նահանգները եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պետք է աշխատեն Ղարաբաղյան հարցի ուղղությամբ։ Հուսով եմ` մենք կունենանք ինչ-որ դրական զարգացում։ Եվ հենց որեւէ դրական զարգացում լինի, կարծում եմ, որ մենք առաջ կմղենք [հայ-թուրքական] արձանագրությունները խորհրդարանում»։

Քընըքլըօղլուի խոսքով, հայերն ու թուրքերը իրար շատ նման ժողովուրդներ են եւ պետք է ունենան նորմալ հարաբերություններ։

«Ողջ Հարավային Կովկասը պետք է դառնա դեպի Արեւմուտք նայող տարածաշրջան։ Մենք շատ երկար ենք սպասել սրան եւ այժմ պետք է համբերություն եւ վճռականություն ցուցաբերենք այս գործը ավարտին հասցնելու համար», - ասաց նա՝ շարունակելով. - «Ի համեմատ մեկ տարի առաջվա իրադրության, այժմ [հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն] ավելի է բարդացել։ Բայց սա հենց քաղաքական գործիչների համար է, նրանք պետք է լուծումներ գտնեն։ Կարծում եմ, որ լուծումը կգտնվի, բայց մենք չպետք է սահմանենք արհեստական վերջնաժամկետներ եւ պետք է վճռական եղանակով եզրափակենք հաշտեցման գործընթացը»:

Սուաթ Քընըքլըօղլուն Հայաստանում մասնակցում է «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի կազմակերպած 73-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG