Մատչելիության հղումներ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանությունը վերջնականապես չի ճանաչվելու Միացյալ Նահանգների կողմից:

«Պարզ երեւում է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը ամեն ինչ կանի, որպեսզի այն թույլ չտա Կոնգրեսի լիագումար նիստում քննարկվի, որովհետեւ ուղղակի Թուրքիան այսօր խոսում է բացահայտ վերջնագրի լեզվով եւ պայման է դրել, որ մինչեւ չհաստատեն, որ Կոնգրեսի լիագումար նիստին չի մտնելու այս խնդիրը, օրակարգ չի մտնելու, նրանք իրենց դեսպանին նորից չեն հետ վերադարձնի Միացյալ Նահանգներ», - նշեց Մելքոնյանը:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը Աշոտ Մելքոնյանը շատ խոշոր հաղթանակ չի համարում: Այդ քայլը, ըստ նրա, արվել է միայն այն բանի համար, որպեսզի Թուրքիան վավերացնի հայ - թուրքական արձանագրությունները:

Սակայն, միեւնույն ժամանակ, քարոզչական իմաստով սա մեծ ձեռքբերում է, ասում է Պատմության ինստիտուտի տնօրենը:

«Բազմաթիվ երկրներ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են, օրինակ` վերցնենք Ռուսաստանը. 1995 թվականի ապրիլի 17-ին ընդունել է ցեղասպանությունը, բայց այսօր քանի՞սը գիտեն Ռուսաստանյան Դաշնությունում ցեղասպանության իրողության մասին: Միացյալ Նահանգներում դրա արծարծումը, Թուրքիայի կողմից նման հիվանդագին արձագանքը, բնականաբար, քարոզչական իմաստով կարեւոր դեր է ունենում: Այդ իմաստով` ես համարում եմ այն լուրջ ձեռքբերում», - ընդգծեց Աշոտ Մելքոյանը:

Եթե անգամ ցեղասպանությունը ճանաչվի Միացյալ Նահանգների կողմից, դա, ըստ Պատմության ինստիտուտի տնօրենի, հայկական կողմին ոչինչ չի կարող տալ, քանի որ հայկական կողմից չի բարձրացվում հատուցման խնդիրը:

«Եթե եղել է ցեղասպանություն, եղել է հայրենազրկում` դրա համար թուրքական կողմը պիտի հատուցի, իմ խորին համոզմամբ: Եթե դա չկա, եւ միայն մենք, այսպես, մոլորվածի նման շարունակում ենք հետապնդել ճանաչման խնդիրը, որեւէ քաղաքական որոշում որեւէ երկրի կողմից ոչինչ չի կարող փոխել», - ասաց Մելքոնյանը:

«Դարձել է մի տեսակ սկզբունքային հարց, որ Միացյալ Նահանգների նախագահը պիտի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Եթե մենք Հայոց ցեղասպանության խնդիրը չպիտի բարձրացնենք միջազգային ասպարեզում, իրավաքաղաքական դաշտում` որպես հատուցման խնդիր, ճանաչումը այսօր, իմ խորին համոզմամբ, ոչինչ չի տալիս», - ամփոփեց Պատմության ինստիտուտի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG