Մատչելիության հղումներ

Դատարանը վերացրել է փաստաբան Արա Զոհրաբյանի համակարգչի պրոցեսորն առգրավելու որոշումը


Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, երեկ քննելով «Սրետենկա-Կոնսուլ» ընկերության փաստաբանական գրասենյակի եւ փաստաբան Արա Զոհրաբյանի համատեղ բողոքը` հիշյալ գրասենյակից Զոհրաբյանի համակարգչի պրոցեսորն առգրավելու մասին Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ. Դելեյանի որոշան դեմ, որոշել է բողոքը ճանաչել հիմնավորված եւ վերացնել քննիչի որոշումը` համակարգչի պրոցեսորն առգրավելու մասով:

Արա Զոհրաբյանի տարածած հաղորդագրության համաձայն` դատարանի որոշման պատճառաբանական մասում, մասնավորապես, նշված է. - «Դատարանը հիմնավորված է համարում բողոքող կողմի այն պատճառաբանությունը, որ պրոցեսորում պահպանվող, թիվ 12105210 քրեական գործին չառնչվող, այլ գործերով այլ վստահորդներին վերաբերող, փաստաբանական գործունեության ընթացքում ձեռք բերված կամ կազմված տեղեկատվությունը փաստաբանական գաղտնիք է, որի պահպանությունը երաշխավորված է միջազգային եւ ազգային օրենսդրության այն իրավանորմերով, որոնք թվարկված են բողոքում».

«Դատական այս ակտով, փաստորեն կանխվեց Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գաղտնիքի խախտման այս նախադեպը չունեցող դրսեւորումը», - ընդգծում է փաստաբանը իր հաղորդագրությունում:

Փետրվարի վերջին Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի քննիչը փորձել էր առգրավել Փաստաբանների պալատի փոխնախագահ, Սուքիասյանների շահերի պաշտպան Արա Զոհրաբյանի համակարգիչը` Սարիբեկ Սուքիասյանի հետ կապված քերական գործով: Փաստաբանը ընդդիմացել էր եւ քննիչի որոշումը բողոքարկել դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG