Մատչելիության հղումներ

Jamestown հիմնադրամ. «Միակ ելքը հայ - թուրքական հարաբերություններում առաջընթացն է»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյու, Անկարա, 6-ը ապրիլի, 2010թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյու, Անկարա, 6-ը ապրիլի, 2010թ.

«Թուրք - ամերիկյան հարաբերությունները նոր փորձության շեմին են», - համոզված են Վաշինգտոնում գործող Jamestown հիմնադրամի փորձագետները: Նրանց կարծիքով` պաշտոնական Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առկա նոր ճգնաժամի պատճառը «հայկական հարցն է»:

Վերհիշելով այն բոլոր զարգացումները, որ հետեւեցին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 4-ի որոշմանը, ամերիկացի վերլուծաբանները նշում են. - «Բանաձեւի հաստատումից հետո թուրք պաշտոնյաների ճառերում որոշակի ազգայնական երանգներ ի հայտ եկան: Անկարայում շարունակ պնդում են, որ Թուրքիան չի ենթարկվելու դրսի թելադրանքին»:

Թուրքիայում արդեն քննարկում են, թե ինչ հակաքայլերի է հարկավոր դիմել` ի պատասխան Կոնգրեսի այս որոշման: Շահարկվող տարբերակների շրջանակը բավական լայն է` ռազմական ոլորտում ամերիկյան ընկերությունների հետ կնքված պայմանագրերի վաղաժամ դադարեցում, «Ինջիրլիք» ռազմակայանի փակում, Աֆղանստանում տեղակայված թուրքական զորախմբի դուրսբերում: «Այս տարբերակներից եւ ոչ մեկը արտաքին գործերի նախարար Դավութօղլուն չբացառեց», - նկատում են Jamestown-ի մասնագետները:

Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ թուրքական կողմի համար հանձնաժողովի քվեարկության արդյունքները տհաճ անակնկալ էին: «Վաշինգտոնը ողողված էր թուրք խորհրդարանականների ու կառավարական պաշտոնյաների խմբերով, որոնք փորձում էին կանխել բանաձեւի ընդունումը», - նշում են վերլուծության հեղինակները:

Նրանց կարծիքով` թուրք - ամերիկյան հարաբերություններում հաջորդ ծանր փորձությունը լինելու է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը. - «Թուրքական կողմը կրկին կենտրոնացնելու է իր բոլոր ուժերը` փորձելով կանխել «ցեղասպանություն» բառի ի հայտ գալը Օբամայի ելույթում»:

Jamestown-ի մասնագետների կարծիքով` ճգնաժամային այս իրավիճակից միակ ելքը հայ - թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացն է: Նման հեռանկարը, սակայն, ամերիկացի վերլուծաբանները նույնպես քիչ հավանական են համարում` գրելով. - «Հայաստանն ու Թուրքիան ի վիճակի չեղան պահպանել այն դրական լիցքերը, որ առկա էին գործընթացի սկզբում, եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հավանականությունը օրեցօր ավելի է թուլանում: Եթե առաջիկա շաբաթներին կողմերը չկարողանան նոր դիվանագիտական ճեղքում ապահովել, ապա նախագահ Օբաման փաստարկ չի ունենա` բացատրելու հայկական լոբբիին, թե ինչու կրկին չկարողացավ արդարացնել իր վրա դրված հույսերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG