Մատչելիության հղումներ

Ելիսեյան պալատում կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, 10-ը մարտի, 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, 10-ը մարտի, 2010թ.

Ելիսեյան պալատում չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հանդիպումից հետո նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չկայացավ, սակայն Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ փոխանցեցին երկու նախագահների զրույցից։

Խոսակցությունը ընթացել է նախ երկկողմանի հարաբերությունների շուրջ։ Նախագահները նշել են, որ որոշակի աշխատանք պետք է կատարվի երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների ծավալով Ֆրանսիան երկրորդ պետությունն է, սակայն, ինչպես ասել է Նիկոլա Սարկոզին՝ «Ֆրանսիան պետք է լինի Հայաստանի կողքին»։

Այդուհանդերձ, նշվել է Հայաստանում հաստատված ձեռնարկությունների հաջողությունների, մասնավորապես, Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջերս մուտք գործած «Օրանժ Արմենիա» բրենդը ներկայացնող France Telecom ընկերության մասին։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, Ֆրանսիայի նախագահը արտահայտվել է հակամարտության լուծման հիմնական սկզբունքների դինամիկան զարգացնելու, դրանց շունչ հաղորդելու օգտին, ասելով, թե հակամարտ կողմերը պետք է «պատասխանատվություն ստանձնեն եւ կատարեն այն անհրաժեշտ քայլերը, որոնք կտանեն դեպի խաղաղություն եւ շահավետ կլինեն ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ֆրանսիայի նախագահը արտահայտվել է առաջ գնալու եւ պատմական առիթը բաց չթողնելու օգտին։ Նիկոլա Սարկոզին բերել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրինակը, որոնք երկարատեւ ջանքեր են գործադրել խաղաղության հասնելու համար եւ խրախուսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը։

«Այդ քայլին սպասում են մեծ հույսով ոչ միայն Ֆրանսիան, այլեւ ողջ միջազգային հանրությունը», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հանդիպման ընթացքում Նիկոլա Սարկոզին հույս է հայտնել, որ ավելի կամրապնդվեն երկու երկրների հարաբերությունները, որոնք արդեն գտնվում են լավ մակարդակի վրա։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից։

Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին եւ նախագահ Սարկոզիին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հետեւողական եւ սկզբունքային մոտեցման համար: Այդուհանդերձ, երկու նախագահները զրույցի ընթացքում չեն անդրադարձել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրերս ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։

Նախագահներ Սարգսյանն ու Սարկոզին մտքեր են փոխանակել նաեւ հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպումը կայացավ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած եռօրյա պաշտոնական այցի շրջանակում։ Սա Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի թվով երրորդ հանդիպումն էր. առաջինը եղել էր 2007 թվականին, երկրորդը՝ 2008 թվականին։
XS
SM
MD
LG