Մատչելիության հղումներ

«Կարգին հաղորդում»-ը հեռուստաեթերի գրաքննության զո՞հ


Մկրտիչ Արզումանյան (Մկո)
Մկրտիչ Արզումանյան (Մկո)

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Կարգին հաղորդում»-ը եթերում չէ: Փոխարենը «Արմենիա TV»-ի եթերում հեռարձակվում է «Կարգին հաղորդում - Նոստալգիա», որի ժամանակ կրկնվում են հաղորդման գոյության 7 տարիների ընթացքում նկարահանված մանրապատումները: Վերջերս մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` հեռուստաշարքի «փակման» պատճառը Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչներն են:

ՀՌԱՀ-ի չափորոշիչներն արգելում են, օրինակ, օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը եւ ռոմանտիզացիան, թմրամոլներին եւ հարբեցողներին նմանակելը, գռեհկաբանությունը, հայհոյախոսությունը եւ այլն: Այս արգելքները վերաբերում են հեռուստաեթերում մինչեւ ժամը 24:00-ն հեռարձակվող հաղորդումներին:

«Կարգին հաղորդում»-ը ը չի փակվել, այն ժամանակավորապես դադարեցվել է», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասաց Մկրտիչ Արզումանյանը (Մկո): Վերջինիս պնդեց, որ մանրապատումները եթեր չեն հեռարձակվում նաեւ իրենց նոր նախագծի ի հայտ գալու պատճառով:

Նոր նախագծի համար անվանում դեռ չեն ընտրել, Մկոն պատմեց, որ այն սերիալի է նմանվելու, աշխատելու են «Կարգին հաղորդման» դերասանները: - «Նոր նախագծից հետո էլ կվերադառնանք «Կարգին հաղորդման»-ը: Հիմա հումորի նոր ոճ ենք ուզում մատուցել հեռուստադիտողին», - նշեց նա:

Խոսելով ՀՌԱՀ-ի չափորոշիչների մասին` Մկոն ասաց, որ դրանք չի կարելի տարածել հումորի վրա: - «Ամբողջ աշխարհում հումորը հիմնված է էրոտիկ բնույթի, նաեւ քաղաքական թեմաներով հետաքրքիր անեկդոտների վրա», - կարծում է Մկոն:

ՀՌԱՀ-ի փոխնախագահ Ժիրայր Դադասյան
«Հումորային հաղորդումների համար առանձին չափորոշիչներ չեն կազմվելու», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ-ի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը: Նրա կարծիքով` եթե հաղորդումը չի համապատասխանում իրենց ընդունած չափորոշիչներին, ուրեմն այդ հաղորդումը պետք է տեղափոխվի կեսգիշերից հետո կամ էլ ընդհանրապես վերանա եթերից: - «Յուրաքանչյուր գռեհիկ բան հումոր չէ, ցավոք սրտի, այսօր դրանք նույնացվում են», - ասաց Ժիրայր Դադասյանը:

«Արմենիա TV»-ի հեռուստաընկերության ծրագրերի պատասխանատու Գագիկ Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հետեւում են իրենց եթերին եւ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչներին անհամապատասխան հաղորդումները տեղափոխելու են կեսգիշերից հետո:
XS
SM
MD
LG