Մատչելիության հղումներ

Բանակցվող փաստաթուղթը, ըստ բրիտանացի փորձագետի, պահպանում է Ղարաբաղի «լիակատար անկախության հույսը»


Թոմաս դե Վաալը Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկմանը, 9-ը մարտի, 2010թ.
Թոմաս դե Վաալը Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկմանը, 9-ը մարտի, 2010թ.

«Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում վերջին հինգ տարիներին բանակցվող փաստաթղթի ամբողջ հմայքն այն է, որ դրա իրագործման արդյունքում Ղարաբաղը կստանա միջանկյալ անկախություն եւ անվտանգության երաշխիքներ` պահպանելով հետագա լիակատար անկախության հույսը», - երեքշաբթի օրը Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկումների ժամանակ հայտարարեց միջոցառման հիմնական բանախոսը` կովկասյան տարածաշրջանի հարցերով մասնագիտացած բրիտանացի հայտնի լրագրող եւ վերլուծաբան Թոմաս դե Վաալը։

Բրիտանացի փորձագետը, այդուամենայնիվ, կարծում է, որ, չնայած շարունակվող բանակցային պրոցեսին, հակամարտող կողմերը շարունակում են պահպանել «իրենց նախկին եւ կարծր դիրքորոշումները, ու անկախ բանակցվող փաստաթղթի մեջ ժամանակ առ ժամանակ մտցվող ինչ-ինչ փոփոխություններից, պարբերաբար վերադառնում են նույն շրջանը»։

Կովկասյան հակամարտությունների պարագայում Թոմաս դե Վաալը կտրականապես դեմ է «սառեցված» եզրի օգտագործմանը։ «Սառեցված» բառը, ըստ նրա, կարելի է գործածել Կիպրոսի խնդրի դեպքում, մինչդեռ Կովկասում, բրիտանացի փորձագետի բնութագրմամբ, գործ ունենք «ննջող» հակամարտություների հետ, որոնք իրենց մեջ պահպանում են ամեն պահի վերսկսվելու վտանգը։

«Ես, իհարկե, չեմ պնդում, որ Ղարաբաղում շուտով պատերազմ է սկսվելու, սակայն, ինչպես եւ Հարավային Օսեթիայի դեպքում եղավ, պատերազմի վերսկսման վտանգն առկա է», - ասաց նա։

Ղարաբաղում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելու համար, Թոմաս դե Վաալի համոզմամբ ու պատկերավորմամբ, հարկ է, որ կարգավորման գործընթացը հիմնված լինի չորս, այլ ոչ թե երկու ոտքերի վրա, ինչպես հիմա է։ Ներկայիս երկու ոտքերը, ըստ նրա, հակամարտող կողմերի նախագահների միջեւ ընթացող բանակցություններն են եւ հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի կամավոր պահպանումը. - «Այսքանը, սակայն, քիչ է: Անհրաժեշտ է զուգահետաբար զբաղվել նաեւ հետհակամարտային պլանավորմամբ, ինչպես դա տեղի ունեցավ բալկանյան հակամարտությունների պարագայում»։

Եվ վերջապես, չորրորդ ոտքը կամ տարրը, ինչպես նշեց բրիտանացի փորձագետը, հակամարտող քաղաքացիական հասարակությունների մարդկանց միջեւ ուղղակի շփումներն են։

Այս առումով, դե Վաալը, ով բոլորովին վերջերս եղել է նաեւ Բաքվում, հետեւյալ դիտարկումն արեց. - «Պաշտոնական Բաքուն մշտապես շատ կոշտ դիրքորոշում է ունեցել եւ մեծ կասկածամտությամբ է վերաբերել հասարակական մակարդակով հայերի եւ ադրբեջանցիների շփմանը՝ համարելով, որ այդպիսով, կարծես, առկա ստատուս քվոն ավելի է ամրապնդվում»։

«Մինչդեռ, Ադրբեջան կատարած իմ վերջին այցից հետո ես այս առումով որոշակի տեղեշարժ նկատեցի», - ասաց նա՝ պնդելով, թե Ադրբեջանի արտգործնախարարությունում այսօր ավելի հաճախ են խոսում միջժողովրդական շփումների անհրաժեշտության մասին։

«Բաքու կատարած իմ այցից առավել դրական ազդանշանը, որ ստացա, դա հենց այն է, որ Բաքվում ներկայումս ավելի լուրջ են վերաբերում միջհասարակական շփումներին», - ասաց բրիտանացի վերլուծաբանը։

Ըստ դե Վաալի, արդեն այսօր հարկ է, որ կողմերը, ու հատկապես Ադրբեջանը, վերջապես դադարեցնեն պատերազմական հռետորաբանությունը եւ փորձեն խոսել ընդհանրությունների մասին։

Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարող են հասարակությունները երկխոսություն սկսել, երբ նրանցից յուրաքանչյուրը չի վստահում իր վարչակազմին, դե Վաալը հիշեցրեց, որ այս առումով առկա է երկու գերիշխող տեսակետ. շատերը պնդում են, որ մինչեւ հակամարտող հասարակությունների ներսում չզարգանան ժողովրդավարական ինստիտուտները, հակամարտությունը չի կարգավորվի։ Ըստ մյուս տեսակետի՝ ժողովրդավարությունը չի կարող զարգանալ , քանի դեռ հակամարտությունը չի լուծվել։ Թերեւս, ըստ բրիտանացի փորձագետի, Եվրամիությանն ինտեգրվելու գործնթացը որոշակիորեն օգտակար կլիներ կարգավորման համար, սակայն Եվրամիությունն առայժմ, կարծես թե, «չի ցանկանում լիարժեքորեն ներգրավված լինել այս կոնֆլիկտային տարածաշրջանում»։

Թոմաս դե Վաալի կարծիքով, Ղարաբաղյան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանցից բավականին տարբերվում են։ Հայ-թուրքական մերձեցման հարցը, ինքնին բարդ լինելով, այնուամենայնիվ, շատ ավելի հեշտ է. Թուրքիան շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը: Բացի այդ, այստեղ չկա պատերազմի վերսկսման վտանգ, ինչպես Ղարաբաղի պարագայում։

Էական է, ըստ նրա, նաեւ այն, որ Թուրքիան Հայաստանի հետ հարցերը կարգավորելու կոնկրետ շահեր ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG