Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի դեսպանը առայժմ չի վերադառնա Վաշինգտոն


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում պատասխանում է լրագրողների հարցերին: 9-ը մարտի, 2010թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում պատասխանում է լրագրողների հարցերին: 9-ը մարտի, 2010թ.

«Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Միացյալ Նահանգներ այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան իշխանությունները չեն հստակեցրել Կոնգրեսում շրջանառության մեջ դրված հայկական բանաձեւի հետագա ճակատագիրը», - երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով` Միացյալ Նահանգները չպետք է թույլ տային, որպեսզի իրենց ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Թուրքիան նման իրավիճակում հայտնվեր։

Էրդողանը նաեւ նշել է, որ Ներկայացուցիչների տանը անցած հինգշաբթի կատարվածից հետո Թուրքիան հանդես է գալու «համարժեք պատասխանով»։

Թուրքական աղբյուրները պնդում են, որ «համարժեք պատասխան» ասելով, Անկարայում նկատի ունեն ամերիկացի եւ թուրք պաշտոնյաների փոխադարձ այցերի դադարեցումը։ Չի բացառվում, օրինակ, որ վարչապետ Էրդողանը հրաժարվի ապրիլին Վաշինգտոն մեկնելու մտադրությունից։

Ապրիլի 11-ից 14-ը, հիշեցնենք, թուրքական կառավարության ղեկավարը Վաշինգտոնում պետք է մասնակցի միջուկային անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային գագաթնաժողովի աշխատանքներին։

Թուրքական ընդդիմությունը եւս Էրդողանին կոչ է անում չվախենալ կտրուկ քայլերից։

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին մի քանի ժամ առաջ Անկարայում հայտարարել է. - «Դիմում եմ ձեզ, պարոն վարչապետ, չեղյալ հայտարարեք ձեր այցը Միացյալ Նահանգներ։ Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք, որ Նյու Յորքի, Տեքսասի կամ Վաշինգտոնի բնակիչը իրավունք չունի դատավճիռ կայացնել իգդիրցու, Հաթայի կամ Մուղլայի բնակչի հանդեպ»:

Թուրքական խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի` Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը վերջին իրադարձությունների ֆոնին հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ավարտված է համարում. - «Մի կողմից, Թուրքիայի վրա ճնշում են գործադրում` պահանջելով բացել Հայաստանի հետ սահմանը։ Մյուս կողմից, Թուրքիայի ճակատին ուզում են ցեղասպանի խարան դաջել։ Նման իրավիճակում, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, եղբայրության եւ բարեկամության հաստատումը պարզապես անհնարին է։ Մենք շարունակ ասում ենք կառավարությանը` հնարավոր չէ մի գործընթաց սկսել, որը զուրկ է իրական հիմքից։ Հայաստանի հետ հաշտվելուն ուղղված ցանկացած քայլ փակուղի է տանում։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միակ իրական արդյունքը թուրք-արդբեջանական հարաբերություններին հասցված վնասն է»։

Բայքալի համոզմամբ` ստեղծված իրավիճակից Էրդողանի կառավարությունը միայն մեկ ելք ունի` Երեւանի հետ հաշտեցման գործընթացի դադարեցումը։

«Անցած աշնանը, երբ կնքվեցին արձանագրութունները, մենք մի պահ նույնիսկ ուրախացանք։ Մեզ թվաց, թե միջազգային հանրությունը հաշվի է նստում Թուրքիայի դերակատարության, կարծիքի հետ։ Այսօր, սակայն, ակնհայտ է` խաբեությունից բացի այս գործընթացի հիմքում ուրիշ ոչինչ չկա։ Միակ քայլը, որ համարժեք կլինի ստեղծված պայմաններին, Ազգային Մեծ Ժողովի օրակարգից արձանագրությունները հետ կանչելն է», - հայտարարել է Բայքալը։
XS
SM
MD
LG