Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա


Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն երկկողմ համագործակցության, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ կայունության խնդիրները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմից։

Երեքշաբթի մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցը Ֆրանսիա: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մարտի 10-ին, ժամը 13-ին Ելիսեյան պալատում նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը։ Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ: Նախատեսված են նախագահի հանդիպումները ֆրանսահայ համայնքի նշանավոր գործիչների հետ, այցելություն Matignon ցուցասրահ, որտեղ հռչակավոր նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը կդիտի նրա նկարների հավաքածուն:

Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մարտի 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG