Մատչելիության հղումներ

logo-print

Ավանդական «իրակա՞ն», թե՞ նորագույն «վիրտուալ» գրքեր. անհավասար պայքարը շարունակվում է


Գրքի էվոլյուցիայի համար թղթի ու տպագրության հայտնագործումը շրջադարձային փուլ էր: Հիմա էլ գիրքը մեկ այլ` թվայնացման փուլ է ապրում, քանի որ ավանդական թղթե գրքերին փոխարինելու են գալիս նոր` էլեկտրոնային տարբերակները:

Շատերն են այսօր մտահոգված, որ թվայնացման հետեւանքով մի օր թղթե գրքերն այլեւս կվերանան: Հայկական ամենամեծ էլեկտրոնային գրադարանի` www.armenianhouse.org –ի տնօրեն Կարեն Վրթանեսյանը, սակայն, բացառում է ավանդական գրքի տեսակի ամբողջական ոչնչացումը: «Անգամ թատրոնի զարգացման դեպքում էին խոսում գրքի դերի հնարավոր անկման մասին, բայց դա միանշանակ չէ», - «Մաքլսիբերթի»-ի հետ զրույցում ասաց նա:

Կարեն Վրթանեսյանը հայկական էլեկտրոնային գրադարան ստեղծել է 2001-ին, որն իր մեջ ներառում է ոչ միայն հայկական գրքեր, այլեւ Հայաստանին ու հայերին վերաբերող այլ նյութեր: Գրադարանի հիմնադիրը դժվարանում է նշել գրքերի ու հեղինակների ճշգրիտ քանակը: www.armenianhouse.org ամեն օր այցելում է մոտ 2000 մարդ. նպատակները տարբեր են, բայց հիմնականում էլեկտրոնային գրադարանով հետաքրքրվում են նրանք, ովքեր ուզում են գտնել յուրահատուկ հայերեն գրքեր, որոնք դժվար է գնել գրախանութից:

Չե՞ն տուժում արդյոք ավանդական գրադարանները նման մեծ քանակությամբ էլեկտրոնային գրքերի առկայության դեպքում, երբ անհրաժեշտ գիրքը գտնելու համար, գրադարան գնալու փոխարեն, բավական է որոնողական համակարգում գրել անունն ու բացել անհրաժեշտ էջը: Երեւանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը «Մաքլսիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ էլեկտրոնային գրքերն առայժմ նման տարածում չեն գտել, ու վտանգը դեռ շատ մեծ չէ:

Ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրներից բացի, գրադարանի տնօրենը եւս մի փաստրակ ունի` համաձայն որի «իրական» գրքերը դեռ շարունակում են հետաքրքրության առարկա մնալ, քանի որ «էլեկտրոնային գրքերը շատ են ռուսերենով, իսկ նոր սերնդի հայ ուսանողներից շատերն այլեւս գերազանց չեն տիրապետում ռուսերենին»:
XS
SM
MD
LG